Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ էր Բաղրամյանում հրաման տվողը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM96966

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի դադարեցման ժամը որոշվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության կողմից։ Այս մասին Ա1+-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Մենք երեք անգամ գրությունով դիմել ենք ոստիկանությանը՝ փորձելով պարզել հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողության սկսման ժամը, ձևը, կիրառված միջոցները, հրաման արձակողներին։ Մեզ ցանկալի տեղեկատվությունը դեռևս չի հաջողվել ստանալ ոստիկանությունից»,- նշում է նա։ Ըստ Իոաննիսյանի՝ այս կերպ ոստիկանությունը ցանկանում է քաղաքացիներից թաքցնել տեղեկատվությունը, թե ով է հրաման արձակել սկսել գործողություն, որի հետևանքով նյութական և ֆիզիկական վնասներ են պատճառվել բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների։ Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ նման զանգվածային գործողության հրաման կարող էր տալ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,«ինչն էլ ուզում են թաքցնել»,- հավելում է նա։