Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնախավում, ի դեմս կառավարության, բոլորն օլիգարխներ են». տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
8f4a5eaaf211dbfca7fb8b9da1e77b7c

Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա առաջին վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 20.6%-ով։ Առևտրի ծավալների անկման նման մակարդակ, ըստ Ազգային- վիճակագրական ծառայության տվյալների, գրանցվել է 2009 թվականի ճգնաժամային շրջանում։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ առևտրի ծավալների կրճատումը նույն վտանգներն է պարունակում, ինչն առկա էր նաև այն ժամանակ. «2009 թվականին մենք ունեցանք սոցիալական վիճակի կտրուկ վատթարացում, աղքատության ծավալի աճ, բյուջետային ցուցանիշների անկում։ Հիմա ևս կանգնած ենք նույն վտանգների առաջ»։ Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի՝ առևտրի ծավալների անկում արձանագրվել է նաև ներքին շուկայում, որն ուղղակի հետևանք է արտագաղթի և աղքատության բարձր մակարդակի. «Սա նշանակում է՝ փակվող խանութներ, սա նշանակում է՝ վաճառքի ծավալների անկում, առևտրով զբաղվող ՓՄՁ-ների ֆինանսական վիճակի վատացում։ Այդ մարդիկ սկսում են ավելի վատ ապրել, առևտուր չունեն, չեն կարողանում իրենց ընտանիքը պահել և հիմնականում եկամուտների կրճատումը հանգեցնում է վճարունակ պահանջարկի կրճատման»։ Արտաքին առևտրի ծավալները չեն ավելացել անգամ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, երբ ենթադրվում էր այդ միության անդամ երկրների հետ առևտրական հարաբերությունների մեծացում։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանին ԵԱՏՄ-ում լավ ժամանակներ բաժին չեն հասել. «Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, Ղազախստանում ընտրություններ էր, նաև տնտեսական աճն էր ցածր, Բելառուսում նույնպես առկա են լուրջ խնդիրներ։ Այս բոլոր գործոնները համախմբված ձևով իրենց ազդեցությունն են թողնում ԵԱՏՄ երկրների վրա»։ Բագրատ Ասատրյանը առևտրի ծավալների անկումը զուտ տնտեսական երևույթ չի համարում։ Այն մի մասն է համակարգային խնդիրների, որ ծառացել են Հայաստանի առաջ։ Տնտեսագետը շատ ավելի կտրուկ միջոցների կողմնակից է։ «Վերնախավը, ի դեմս կառավարության, բոլորն այդ օլիգարխներն են։ Այս մոդելը պիտի փոխվի, սա այլևս չի կարող արդյունք տալ։ Այն ժամանակ մի քանի տներ կառուցվեց Հյուսիսային պողոտայում, տնտեսական աճը ապահովվեց, սակայն հիմա այս մոդելից պետք է հրաժարվել»։ Ըստ նրա՝ չլուծվող խնդիրերի պատճառով է, որ կառավարությունը պետական բյուջեի հիմքում դրված 4.1% տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է՝ հասցնելով 1%-ի։