Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները գյուղնախարարի հետ խոսել են ոռոգման ջրի կարևորության մասին

Տնտեսություն
գյուղ1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարի այցի առաջին կանգառը Բազմաղբյուր համայնքում էր: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է «Վարգա ֆուդ» ՍՊԸ, հետևել արտադրության գործընթացին: Ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Վարգա ֆուդը» հիմնադրվել է ընդամենը վեց ամիս առաջ, այժմ ունի 40 աշխատատեղ և առկա են նախադրյալներ գործունեությունն ընդլայնելու համար:   Նախատեսվում է պատրաստի արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս պահին արդեն իսկ մթերել են  կեռաս և ազնվամորի, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նախատեսում են մթերել ավելի քան 150.0 տոննա պտուղբանջարեղեն: Այնուհետև նախարարն այցելել է Կարբի համայնքում հիմնադրված «Կարբի ֆրուտ» ընկերություն, եղել ընկերության սառնարանային  արտադրամասում, զրուցել ընկերության աշխատակիցների հետ: Տնօրեն Արմեն Գրիգորյանի խոսքով` ընկերությունն անցյալ տարի է ստեղծվել, աշխատանքներից գոհ են, ընկերության արտադրանքը նախատեսում են մասամբ իրացնել տեղական, և մասամբ էլ` ռուսաստանյան շուկայում: Ողջունելով նոր վերամշակող ընկերություններ ստեղծելու նախաձեռնությունները` նախարարը վստահություն հայտնեց, որ ընկերությունների հիմնումը թույլ կտա լուծել գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը: Այցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Կարբի խնձորի այգիներում, որտեղ այգետերերը հավաստիացրեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում կարևորեցին ոռոգման ջրի, ինչպես նաև բուժանյութերի որակի ապահովման հարցերը: Նախարարը  հանձնարարեց մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենին  նախարարության միջոցներով ապահովել բուժանյութերի լաբորատոր փորձաքննությունը: Այնուհետև նախարարն ուղևորվեց դեպի Հնաբերդ համայնք` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և   մրցունակության» (CARMAC) ծրագրի  իրականացման աշխատանքներին հետևելու նպատակով: Համայնքապետի տեղեկացմամբ` ծրագրի շրջանակում ձեռք է բերվել գյուղտեխնիկա, ինչը կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները, պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ զգալիորեն ավելացել են հացահատիկի և ընդհանուր ցանքատարածությունները: Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր: Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարը  առանձնահատուկ կարևորել է կոոպերատիվների բոլոր անդամների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացքում` աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Նշելով, որ  Հնաբերդ համայնքն  անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես  մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով  արհեստական սերմնավորման կիրառումը: Ընդհանուր առմամբ, CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում: Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր: «Մարզում շուրջ   այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,-  ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը: Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է:  Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների սահուն կազմակերպման հարցում: Այցի ավարտին նախարարը եղել է նաև համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 ց/ հա բերք ստանալ: գյուղ1   գյուղ2 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին