Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի՞ ես բողոք բերել , մի ամիսը լրացել է, կկրեիր պատիժդ, դուրս կգայիր» (տեսանյութ)

Հասարակություն
untitled5

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 10-ը։ Այսօր նշանակված դատական նիստը տեւեց մոտ հինգ րոպե, քանի որ դատավորներից մեկը վատառողջ էր։ Թեեւ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արշակ Սվազյանին դատապարտել էր ընդամենը մեկամսյա կալանքի, սակայն նրա պաշտպանը այդ համարում է ակնհայտ խիստ պատիժ. «Սխալ դատական վճիռ է կայացվել, դատարանը իրավունք չուներ այդ հոդվածով ծանր պատիժ նշանակեր»,- ասաց պաշտպան Լիանա Բալյանը։ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը Արշակ Սվազյանը մեկնաբանել էր նրանով, որ համացանցում տեսել է՝ ինչպես է Արամ Մանուկյանը հայհոյել Սերժ Սարգսյանին։ Պաշտպանն այսօր չթաքցրեց իր զարմանքը. նիստից հետո նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը հարց է տվել Արշակ Սվազյանին ։ «Դատավորը իմ պաշտանյալին հարցրեց, երբ ես դատապարտվե՞լ, պաշտպանյալն ասեց հունիսի 18-ին, ասեց ինչի՞ ես բողոք բերել , մի ամիսը լրացել է, կկրեիր պատիժդ, դուրս կգայիր։ Նախ ես զարմանում եմ դատավորի նման հարցի վրա, որովհետեւ դա մեր իրավունքն է և  յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի բողոքարկելու»,- նշեց փաստաբանը։ Դատավորը, Լիանա Բալյանի խոսքերով, նաեւ դիրքորոշում է հայտնել։ Այսօրվա նիստին չէին մասնակցում գործով դատախազը եւ տուժող Արամ Մանուկյանն ու նրա ներկայացուցիչը։ Նրանք միջնորդել էին դատական նիստն անցկացնել առանց իրենց։