Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն բաշխեց պաշտոնները՝ ՏԻՄ ընտրություններում

Քաղաքականություն
1428

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին թվով 22 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 14-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցել է նաև հանձնաժողովի նորանշանակ անդամ Սեյրան Շահսուվարյանը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանն իր մասնակցած առաջին նիստում հրապարակայնորեն ընթերցել և ստորագրել է «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը: