Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն Վրաստանի փոթորկի հետ կապված մանրամասներ չի հաղորդում

Հասարակություն
12

Արդյո՞ք Վրաստանի լողափերում խեղդված քաղաքացիների շրջանում կան հայեր. Արտաքին գործերի նախարարությունը նման տեղեկություն չի ստացել։ «Նման բան մեզ Բաթումիի մեր գործընկերները չեն հայտնել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես որևէ տեղեկություն չունի Աջարիայում տեղի ունեցած  փոթորիկի մասին։ «Նման բան մեզ չի ասվել»,-ասաց ՏԿԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի երկու լողափերում` Քոբուլեթիում եւ Գրիգոլեթիում, զբոսաշրջիկներ են խեղդվել: Քոբուլեթիում 22-ամյա երիտասարդ է խեղդվել, ում դին փրկարարները դուրս են բերել ջրից, իսկ Գրիգոլետիում՝ 40-ամյա կին է խեղդվել: Պատճառը Սեւ ծովում գրանցված 2-3 բալանոց փոթորիկն է եղել, ինչի հետեւանքով վրացական լողափերում զբոսաշրջիկներին արգելում են լողալ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը  օգտվելով ընձեռված հնարավորությունից  մեկ անգամ ևս հորդորեց քաղաքացիներին զգույշ լինել։ «Նախքան մեկնելը ստուգեք՝ արդյո՞ք ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի հասցնելը նախատեսում է օրենքով սահմանված պատիժ: Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողները թող խստորեն պահպանեն երթևեկության կանոնները, մեքենա չվարեն ալկոհոլ օգտագործած վիճակում, վարեն տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսեն հեռախոսով։ Եվ, իհարկե, լողափերում զգույշ լինեն»։