Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չամաչեցին մինչև սպիտակեղենը մերկանալ ժողովրդի առջև» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-harutyunyan

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի վերարտադրության ճանապարհային քարտեզն է։ «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասում էր, որ սա մարդակենտրոն սահմանադրություն է, բայց մոռանում էր նշել, որ այդ մարդը Սերժ Սարգսյանն է։ Սա քաղաքական ստրիպտիզ է»,-նշեց նա։ Իսկ փետրվարի 12-ին նախագահի ասածը որակում է որպես հակասահմանադրական ելույթ։ «Դրանով նա փաստեց, որ ինքն է որոշելու, թե ով զբաղվի քաղաքականությամբ և ով բիզնեսով»։ Գործիչը կարծում է, որ սահմանադրության հարցում չկա անկախ մասնագետ։ «Նույն Հրայր Թովմասյանն առաջ այլ բան էր ասում, հիմա այլ։ Ինքն ու նման այլ մարդիկ պետք է ամաչեն այն ուսանողներից, որոնց դաս են տվել»։ Նորացվող սահմանադրության մեջ պարոն Հարությունյանը որևէ դրական կողմ չի տեսնում։ «Օրինակ որևէ կուսակցություն ժողովրդի կողմից կարող է ստանալ 10 տոկոս վստահություն, բայց նրան այս նոր պայմաններով տալու են 91 մանդատ և ինքը դառնալու է մեծամասնություն։ Սերժ Սարգսյանն, այսպիսով, գտել է մանդատները վաճառելու տարբերակ»։ Գործչի խոսքով՝ նախագահը չգտավ իր իրավահաջորդին և բնականաբար, պետք է իշխանությունը պահելու ձևը գտներ և գտավ։ Այս պայմաններում կուսակցություններին մնում է միայն համախմբվել։ «Սերժ Սարգսյանը միայն մեկ նպատակ ունի՝ փող աշխատել։ Այսօր Հանրապետական կուսակցություն, ըստ էության, չկա։ ՀՀԿ ջահելների համար կուսակցությունը սկսվում և ավարտվում է Սերժ Սարգսյանով։ Բայց իրենք վատ գիտեն պատմությունը. ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ մենք միտինգների ենք մասնակցել շատ խնդիրների շուրջ»,-շեշտեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը։ Պարոն Հարությունյանի խոսքով՝ իշխանության օրակարգը ձևավորել է Սերժ Սարգսյանը։ «Խաղամոլը մինչև վերջին սպիտակեղենը խաղում է։ Իշխանությունը կարող էր այլ ձևով իր ուզածն անել։ Բայց այս մարդիկ չամաչեցին մինչև սպիտակեղենը մերկանալ ժողովրդի առջև՝ պարզ ցույց տալով, թե ինչպես են  վերարտադրվելու»,-եզրափակեց նա։