Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի Հայաստան»-ը կպահանջի Ռոբերտ Նազարյանի հրաժարականը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
votqi

Այսօր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ Հանրապետության հրապարակում հայտարարած նստացույցի վերջին օրն է։ Իշխանությունների կողմից իրենց պահանջներին չարձագանքելու պատճառով վաղվանից նախաձեռնությունը պատրաստվում է ավելի խիստ պահանջներով հանդես գալ։ Վահագն Լևոնյանը նշում է. «Վաղվանից կսկսենք ստորագրահավաք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ստորագրահավաքի նպատակը ՀԾԿՀ հանձնաժողովի ղեկավարի և այլ պաշտոնյաների հրաժարականն է, որովհետև տարիներ շարունակ մենք տեսանք, որ նրանք ժողովրդի հետ կապ չունեցող որոշումներ են ընդունում»: Նախաձեռնության անդամ, տնտեսագետ Դավիթ Հովհաննիսյանն անընդունելի է համարում կառավարության որոշումը, ըստ որի՝ մինչև աուդիտի իրականացման ավարտը էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորվելու է Որոտանի կասկադի վաճառքից գոյացած գումարով։ «Որոտանի վաճառքից եկած շահույթները պետք է գնան բյուջե, և մենք համարում ենք, որ դա ևս ժողովրդի գրպանից է։ Մյուս կողմից էլ ասեմ, որ Որոտանի վաճառքից գոյացած գումարները կարող էին երկրի համար ավելի օպտիմալ ծախսերի ուղղել։ ՀԷՑ-ի նման կարևոր ռազմավարական նշանակության ընկերությունը չի կարող լինել ինչ-որ ընկերության սեփականությունը։ Դրա համար, ըստ Դավիթ Հովհաննիսյանի, այն պետք է հարավկորեական Սամսունգի օրինակով դարձնել 1000-ից ավելի սեփականատեր ունեցող ընկերություն։ «Մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ կլինի ՀԷՑ-ը ազգայնացնել և բաց բաժնետիրական մոդելով տալ հանրությանը. բաժնետոմսերը վաճառել։ Ժողովուրդը, ով կցանկանա՝ կգնի և այն ավելի օպտիմալ կկառավարվի։ Հսկողությունն էլ արդեն կլինի ժողովրդի մոտ»։ Նախաձեռնության անդամի համոզմամբ՝ իշխանություններն իրենց պահանջներին չեն արձագանքում, քանի որ առկա է անլուրջ վերաբերմունք նմանատիպ շարժումների նկատմամբ։ Վահագն Լևոնյանը մեկ այլ հանգամանք էլ է առանձնացնում։ «Մինչ այն պահը, երբ ժողովուրդը դրսում չի, ակցիայի մասնակիցների թիվը քիչ է, բնականաբար՝ իշխանությունները ինչպես միշտ է եղել, հանգիստ են դրան վերաբերվում։ Բայց վստահ եմ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի և դուրս գա փողոց, վերաբերմունքը այսպիսին չի լինի»: Հասարակության ակտիվությունը մեծացնելու համար օգոստոսի 11-ին «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը նախատեսում է հրավիրել հանրահավաք Հանրապետության հրապարակում։