Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննվում են հարսանեկան խնջույքի սննդային թունավորման պատճառները

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 00:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի: Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲ ընկերություն է դիմել ևս 11 անձ: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանացագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ սննդային թունավորման պատճառը, եղանակը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին