Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական փոփոխությունները ներքին, թե՞ արտաքին ուժերով կարող է տապալվել (տեսանյութ)

Քաղաքականություն
81becb688a1bcbdfba16121a55d088fa

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը դուրս կբերի արդյոք Հայաստանի քաղաքացիներին Ազատության հրապարակ, թե ոչ: «Անկեղծ ասած՝ ես հիմա տարակույս ունեմ, որ քաղաքացիական ակտիվությունը որևէ հրապարակային ռեալ ընդվզում կունենա սահմանադրական փոփոխությունների քննարկումների և առավել ևս սահմանադրական փոփոխություններում ներառված փոփոխության ենթակա կոնկրետ խնդիրների շուրջ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ բացառությամբ Դաշնակցության, դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին։ Ազգագրագետը նախագիծը տապալելու առանձնակի հույսեր չի կապում նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ «Սահմանադրական փոփոխությունների փաթեթի դեմ արտահայտվող պառլամենտական ուժի կամ ուժերի «Ժառանգության» և այլն, կարծեք թե նրանց հրապարակային ընդվզման ձևերը իրենց սպառել են և նրանց մարդկային համակիրների ռեսուրսը սպառվել է»,-նշում է տիկին Խառատյանը։ Հասարակությունը չի թաքցնում հիասթափությունը, թե տարբեր առիթներով համոզվել է, որ չի կարող այլևս վստահել որևէ քաղաքական ուժի։ Մյուս կողմից էլ միամտություն կլինի կարծել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն միայն քաղաքացիական հասարակության ջանքերով կարող է տապալվել։ Երկրի մայր օրենքի փոփոխությունը ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող գործընթաց է։ Ըստ այդմ, գլխավոր օրենքի փաստաթղթի շուրջ քաղաքացիական ընդվզումը քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ հնարավոր չի առանց արտաքին միջամտության։ «Նախ հասարակությունը բավականին թույլ է, որպեսզի ինքն իր ուժերով կարողանա դրան դեմ դուրս գա, ինչքան էլ բողոքող զանգված լինի ։ Իշխանության ձևավորման գործընթացի վրա մեծ նշանակություն ունի Արևմուտքը և Ռուսաստանը , այս իսկ պատճառով այն ուժերը, որոնք ուզում են բողոքի մեծ շարժում իրականացնեն, նրանք պետք է աշխատեն ինչպես հասարակության հետ՝ 5%, և 95 % պետք է աշխատեն և Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Միաժամանակ աշխատելով այդ երկուսի հետ, գրագետ աշխատանքների արդյունքը հնարավոր է, որ տա դրական արդյունք»,-շեշտում է Արմեն Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։