Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Պաշտոնական
հօվ

Կառավարության ղեկավարը նախ այցելել է Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք: Այդ նպատակով կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից. շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել շենքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքի արդյունքներին և աշխատակազմի գործունեության ստեղծված շենքային պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները (սեյսմակայուն շինարարություն, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն, երկրամագնիսականություն և այլն) և գործունեության հիմնական ոլորտները (ՀՀ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, շենքերի և կառուցվածքների, տարածքների սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգերի մշակում, ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում և այլն): Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն էր՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: Հովիկ Աբրահամյանը շրջայցի ընթացքում հետևել է արտադրական գործընթացին, ծանոթացել ձեռնարկության ապրանքատեսականուն, արտադրանքի ծավալին, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու ծրագրերին: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի  և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով: