Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը` Իտալիայի «Օրչինուս Օրկա» փառատոնի պատվավոր հյուր

Քաղաքականություն
untitled3

Իտալիայի Մեսինա քաղաքում (Սիցիլիա) հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը տեղի ունեցող ամենամյա «Օրչինուս Օրկա» 13-րդ փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Հայաստանն է: Փառատոնի շրջանակում կայացան Հայաստանին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական մշակույթին ու պատմությանը, Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառումներ: Հուլիսի 26-ին Լիպարի կղզու հռոմեական հայտնի Սան Կալոջերնո պատմական տարածքում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ժամանակակից արվեստի նկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Վան Լեոյի, Մարիո Սիլլանի Ջերակյանի, Շարիս Կարապետյանի, Կլաուդիո Գոբբիի և Ագնեսե Պուրգատորիոյի աշխատանքները: Ցուցահանդեսի բացումը կատարեց հայտնի արվեստաբան, Տուրինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր և լրագրող Մարտինա Կորնյատին, ով այս տարի մասնակցել էր Երևանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ հուլիսի 28-ին. այն նախագահում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Օրչինուս Օրկա» փառատոնի նախագահ Գաետանո Ջունտան և Մարտինա Կորնյատին: Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փառատոնի կազմակերպիչներին՝ հայ ժողովրդի հետ համերաշխության և բարեկամության համար, խոսեց Սիցիլիայի հետ հայ ժողովրդի պատմական կապերի, միջանադարյան Սիցիլիայի տնտեսության և մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած դերի մասին: Նա կարևորեց Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով նա անհրաժեշտ համարեց կրթական ծրագրերի և զանգվածային իրազեկվածության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ցեղասպանությունների մասին իրազեկվածության տարածմանը և դրանով իսկ՝ կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս դեսպանը կարևորեց հակամարտության մասին անկողմանակալ տեղեկատվության տարածումը՝ որպես Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը կանխարգելող միջոց: Պաշտոնական բացումից հետո կայացավ իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդեց համերգ, որի ժամանակ իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ: Նույն օրը ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին և այս տարի Մարտինա Կորնյատիի ու Մատեո Բեռնարդինիի «Հայաստան-2015» Հայաստանում նկարահանված ֆիլմերը: «Հայաստան-2015» ֆիլմը բաղկացած է 2 մասից. առաջին մասը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղին: Հուլիսի 29-ին ցուցադրվեց Արմին Վեգների մասին փաստագրական ֆիլմ, որտեղ լայն անդրադարձ կար Հայոց ցեղասպանության մասին նրա վկայություններին: Հուլիսի 30-ին «Ա, ինչպես Հայաստան» խորագրի ներքո կայացան Ֆրանչեսկո Դելլա Նոչեի, ֆրանսահայ լուսանկարիչ Անտոնի Ագուջյանի մասին տեսանյութի ցուցադրությունը և Մարտինա Կորնյատիի և Ուգո Վոլիի «Չավարտված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց «Gazzetta del Sud» օրաթերթին: Կայացած միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին իտալական լրատվամիջոցների կողմից: