Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը՝ կին

Հասարակություն
rabota1

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 29-31-ը հանդիպումներ է ունեցել  զբաղվածության 51  տարածքային կենտրոնների ղեկավարների հետ: Հանդիպումների  ընթացքում տարածքային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են  ընթացիկ տարվա 1-ի կիսամյակի ընթացքում իրականացրած զբաղվածության ակտիվ ծրագրերի աշխատանքները, ցուցանիշները, գործատուների հետ համագործակցության արդյունքները և, իհարկե,  առկա խնդիրները: Նախարար Արտեմ Ասատրյանը  կարևորել  է  կայուն զբաղվածություն ապահովող և սեզոնային զբաղվածության ծրագրերի արդյունքները՝  նշելով, որ  այդ ծրագրերը կանխում են արտագաղթը, քանի որ  հնարավորություն  են տալիս,  հատկապես, երիտասարդ ընտանիքներին մնալ և աշխատել մեր երկրում: Կենտրոնների ղեկավարները հիմնական ծրագրային արդյունքները ներկայացնելուն զուգահեռ ընդգծել են  հասարակության շրջանում պետական զբաղվածության ծրագրերի նկատմամբ աճող վստահությունը, ինչը վկայում են ամսե-ամիս ավելացող շահառուների թիվը և ակտիվ ծրագրերի շնորհիվ աշխատանքի տեղավորված անձանց գրավոր և բանավոր շնորհակալությունները: Սեզոնային զբաղվածության ծրագրի արդյունավետության առումով,  կենտրոնների ղեկավարները փաստել են, որ ծրագրի արդյունքում հատկապես՝ սահմանամերձ համայնքներում, մշակվել են 10 տարուց ավելի չմշակված հողատարածքներ: Առկա խնդիրների շարքում առանձնացվել են կենտրոններում տեխնիկական հագեցվածության հարցը, սեզոնային զբաղվածության ծրագրերի մոնիթորինգը,  մասնավորապես՝ հեռավոր հողատարածքներ հասնելու դժվարությունները: Բացի այդ, ներկայացվել են  մարզպետարաններից ստացվող համայնքային  հողօգտագործողների ցուցակների հետ կապված անհամապատասխանությունները, որոնք, ժամանակի առումով, խնդիրներ են առաջացնում  տարածքային կենտրոններում: Արտեմ Ասատրյանը հանդիպումների ընթացքում մտահոգություն է հայտնել գործազրկության տեղեկանքների  տրամադրման հետ կապված, որոնց թիվը վերջին շրջանում  ավելացել է: Այս համատեքստում  նախարարը հորդորել է տարածքային կենտրոնների ղեկավարներին անհիմն գործազրկության տեղեկանքներ չտրամադրել, այլ հակառակը՝ աշխատանք չունեցող անձին ընդրգկել զբաղվածության ծրագրերում: «Զբաղվածության տարածքային կենտրոնը չպետք է դառնա գործազրկության տեղեկանք տրամադրող մարմին: Կենտրոնները, բոլոր հնարավոր միջոցներով,  անձին պետք է  ուղղորդեն դեպի զբաղվածություն՝ նրան առաջարկելով համապատասխան աշխատանք»,-ընդգծել է նախարարը: Հանդիպումների ավարտին նախարարը տարածքային կենտրոնների բոլոր ղեկավարներին տվել է հանձնարարականներ.  որոշ  ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացնել առաջարկություններ, մշակել համագործակցության ձևաչափեր խոշոր գործատուների հետ, ինչպես նաև՝  ճշգրտել տարածքային կենտրոնների կողմից հավաքագրված առկա թափուր աշխատատեղերի ցուցակները: 2015թ. հունվար-հունիս ամիսներին զբաղվածության պետական ծրագրերի իրականացման արդյունքում հանրապետությունում աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը՝ կին, 3833-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:               ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին