Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղվանից հոսանքը թանկանում է, իսկ սուբսիդավորման որոշում դեռ չկա

Քաղաքականություն
elektr

Իրազեկ քաղաքացիներ միավորման հայտարարությունը Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտայի ցույցերի ամենաթեժ պահին` հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը 7 դրամով սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում ո´չ այդ սուբսիդավորման աղբյուրը, ո´չ էլ այն, թե բաժանորդների կոնկրետ ո՞ր խմբերին է տրամադրվելու այդ սուբսիդավորումը: Այդ կապակցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանը, արդեն երկրորդ գրությամբ վերահաստատում է, որ դեռևս հստակեցված չեն այդ սուբսիդավորման աղբյուրները և շահառուների շրջանակը: Այսինքն, Հայաստանի կառավարությունում դեռևս չգիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, չգիտեն նաև, թե կոնկրետ ո՞ր բաժանորդների էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու, թեև նոր սակագինն ուժի մեջ է մտնում արդեն վաղվանից: հայտ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր խմբերի բաժանորդներին (արդյունաբերական ձեռնարկություններ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է: Ուստի այդ գումարը դժվար կլինի վերադարձնել հարկերի հաշվին կամ փոխհատուցել հերթական վարկի ներգրավմամբ (քանի որ Հայաստանի պետական պարտքը առանց այդ էլ ահռելի է): Սակայն եթե Կառավարությունy որոշի սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան ընդամենը 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական ձեռնարկություններն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի տեղական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, որի անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է, քան Հայաստանում: Արդյունքում էլ ավելի կնվազի արտահանումը ՀՀ–ից դեպի ԵՏՄ երկրներ: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշմամբ սահմանված սակագները ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից, հետևապես կառավարությանը բավականին քիչ ժամանակ է մնացել կողմնորոշվելու սուբսիդավորման աղբյուրների և շահառուների շրջանակի հարցում: Բացի այդ, հայրենական արտադրողները, չիմանալով, թե վաղվանից ո՞ր սակագնով են վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց, չեն կարողանա որոշել իրենց արտադրած ապրանքների ինքնարժեքը, որի հետևանքով հնարավոր չի լինի արտադրանքի համար սահմանել այնպիսի գին, որը չի ազդի ապրանքի մրցունակության վրա և միևնույն ժամանակ կապահովի շահութաբերություն: «Իրազեկ քաղաքացիների միավորում»