Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» լուրջ նպատակներ ունի

Սպորտ
sport-gandzasar2

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Հայաստանի նոր առաջնությունում թիմի առջեւ խնդիր է դրել գրավել մրցանակային տեղերից մեկը: Մեր համար կարեւոր չէ, դա կլինի առաջին, թե` երրորդ հորիզոնականը, գլխավորն այն է, որ թիմը եվրոգավաթներին մասնակցելու իրավունք նվաճի: Թիմի նպատակներից մեկն է նաեւ հաջող հանդես գալ գավաթի խաղարկությունում» - այսօր «Ռեժինե» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Գանձասար-Կապանի» տեխնիկական տնօրեն-մարզիչ Սամվել Պետրոսյանը: Ինչպես նշեց փորձառու մասնագետը, թիմը նորմալ պատրաստվել է նոր խաղաշրջանին եւ լիովին պատրաստ է դրան: «Մարզումները սկսել ենք հունիսի 20-ին, Երեւանում, ապա հուլիսի 8-22-ը ուսումնամարզական հավաք կազմակերպեցինք Բուլղարիայում: Այնտեղ երեք ստուգողական խաղ անցկացրինք արտասահմանյան թիմերի հետ: Դրանցից երկուսն ավարտեցինք ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տարանք 4:3 հաշվով: Առաջնության անդրանիկ խաղն անցկացնելու ենք օգոստոսի 2-ին: Հուսով ենք, որ լավ կմեկնարկենք եւ նույն տոնով կշարունակենք առաջնությունը» - ավելացրեց Սամվել Պետրոսյանը: «Գանձասար-Կապանը» նոր խաղաշրջանից առաջ 9 նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել: Նրանցից երկուսը Հայաստանից են, 7-ը` արտասահմանից: «Թիմի բոլոր նորեկները լավ տպավորություն են թողնում: Ուրիշ ֆուտբոլիստներ նույնպես փորձաշրջան են անցել «Գանձասար-Կապանում», սակայն մենք կանգ առանք հենց այն խաղացողների վրա, որոնց դուք այսօր տեսաք այստեղ» - նշեց ակումբի տեխնիկական տնօրեն-մարզիչը: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե իրենք ինչ պատճառով են հրաժարվել թիմի մի շարք ֆուտբոլիստներից, Սամվել Պետրոսյանն ասաց. «Անցած առաջնության վերջին խաղից հետո բոլոր ֆուտբոլիստներին ասացի, որ դուք ազատ եք եւ ինքներդ կարող եք ընտրել ձեր թիմը: Արդյունքում` դարպասապահ Պռազյանը տեղափոխվեց «Արարատ», Խորեն Վերանյանը` «Ալաշկերտ», Սամվել Մելքոնյանը` «Միկա»: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի բարձագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 1-ին: Դրան կմասնակցեն 8 թիմեր, որոնք 4 խաղաշրջանով կորոշեն 2016 թվականի չեմպիոնին ու մրցանակակիրներին: Առաջին տուրում «Գանձասար-Կապանը» Գյումրիում կհանդիպի տեղի «Շիրակի» հետ: