Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգը» (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

Այն ինչ տեղի ունեցավ հունիս-հուլիս ամիսներին Բաղրամյան պողոտայում` քաղաքացիական ակտիվի հաղթանակն էր, քանի որ կարողացան արթնացնել պետական մարմիններին, ստիպել, որ աշխատեն, լուծումներ փնտրեն, համոզված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը. «Ուրախ եմ, որ նոր սերունդը իրեն փայլուն դրսեւորեց, նրանք ապացուցեցին, որ հանրությունը ցույց չի տալիս իրեն միայն ընտրությունից ընտրություն: Իրենք պետք է նույն տեմպով շարունակեն եւ թույլ չտան, որ պետական ինստիտուտը քնի»: Պատգամավորի կարծիքով`քաղաքացիական հասարակությունը պետք է հասնի նրան, որ թելադրի քաղաքական օրակարգ. «Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգը։ Պետք է հասնի նրան, որ ստեղծի հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ կլուծեն, հարցեր կբարձրացնեն։ 2008-ից հետո ունեցել ենք մի քանի դեպքեր՝ Մաշտոցի պուրակ, հարյուր դրամի պայքար, որոնք  հաջողություն են ունեցել։ Ունենք հաջող ու անհաջող փորձեր, բայց ուրախ եմ, որ նոր սերունդը կարողանում է հարցեր բարձրացնել»։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե շարժումը ուղղորդվում էր, Թեւան Պողոսյանը արձագանքում է. «Ուղղորդվել են մի կուսակցության կամ կազմակերպության կողմից, ի՞նչ կապ ունի: Ոչ մեկ էլեկտրաէներգիայի թանկացման հարցին ուշադրություն չէր դարձնում, մինչ  փողոցը չփակվեց: Քանի-որ հասել են նպատակի, ինձ քիչ է հետաքրքրում, ով է ուղղորդել իրենց»: Թևան Պողոսյանի համոզմամբ` խնդիրը ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական է. «Երբ ասում են՝ «Ոչ թալանին», ապա միանշանակ խնդիրը քաղաքական է դառնում, որովհետև մենք դժգոհություն ենք հայտնում ողջ համակարգի դեմ, երբ ասեին՝ «Ոչ  7  դրամին» գուցե սոցիալական լիներ։ Վստահ եմ, որ երիտասարդները ճիշտ քայլ են արել դնելով ոչ միայն 7 դրամի խնդիր, այլ ողջ համակարգի առողջացման»: