Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Իրաքյան Քրդստան. կրթական համգործակցության հեռանկար

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը՝ և նշել, որ իր Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է և այս տեսանկյունից կարևորում է համագործակցությունը կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարևորությունը: ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում մեր կրթական համակարգն արդիականցվել ու նկատելիորեն բարեփոխվել է. "Հատկապես Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ եվրոպական կրթական մոդելին և ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում",- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու / անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն/ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժշկական, ճարտարագիտական և ՏՏ ոլորտի մասնագիտություններով: Հյուրերին հետաքրքրել է հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով նրանք այցելություններ կունենան նաև մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կողմերը հույս են հայտնել, որ միջպետական կապերի ամրապնդումը նոր հեռանկարներ կբացի երկկողմ կրթական համագործակցության և ուսանողների փոխանակումների համար: