Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին մեկուկես տարում փակվել է 10000 փոքր և միջին ձեռնարկություն (տեսանյութ)

Հասարակություն
untitled27

Հայաստանում վերջին մեկուկես տարում փակվել է 10000 փոքր և միջին ձեռնարկություն։ ՓՄՁ-ների գործունեության համար կարևոր խոչընդոտներ շարունակում են մնալ հարկային բեռը, բյուրոկրատիան, անհավասարաչափ ստուգումները և հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ պետական տարբեր կառույցների աջակցության, պետական ինստիտուտների կողմից հավասար մրցակցության պայմանների ապահովման, կոռուպցիայի, վարկերի ստացման խոչընդոտները դեռևս չլուծված խնդիրներ են։ Դրանք էլ առաջացրել են դժվարին իրավիճակ ՓՄՁ-ների համար։ «Մենք մայիս-հուլիս ամիսներին ուսումնասիրություններ ենք անցկացրել Երևանի և մարզերի ՓՄՁ-ների շրջանում։ Վերլուծության արդյունքում ստացել ենք հետաքրքիր պատկեր։ Ամենամեծ անկումը տեղի է ունեցել առևտրի ոլորտում և սա պատահական չէ։ Այս ոլորտում անկման կարևորագույն երկու պատճառներն են՝ բնակչության պակասելը, ինչը ենթադրում է արտադրող և սպառող ուժերի նվազում և աղքատության բարձր ցուցանիշը, ինչն էլ հանգեցրել է սպառողական հնարավորությունների նվազմանը»։ Ըստ պարոն Մակարյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ՓՄՁ-ների գլխավոր պրոբլեմը վարկերի բարձր տոկոսադրույքներն են։ «Սրանից էլ բխում է այն, որ հարցվածների 69%-ը իր զարգացման կարևորագույն խոչընդոտը համարել է ֆինանսների բացակայությունը։ Պարոն Մակարյանն, այնուամենայնիվ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր տեսնում է։ «ՓՄՁ հանդեպ քաղաքականությունը 180 աստիճանով վերանայելու կարիք ունի։ Այն, ինչ որ մինչև հիմա արվել է՝ էֆեկտների տեսքով, որոշակի թրեյնինգների ձևով, ենթադրենք՝ մի քանի ՓՄՁ-ի օգնել ենք, որ վարկային երաշխիքներ ստանան, բավարար չէ»։