Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ոսկանյանը առաջին խաղում կմրցի իր նախկին թիմի դեմ

Սպորտ
sport-bananc1

«Մեր առաջնահերթ խնդիրը լավ եւ ամուր թիմ պատրաստելն է, որը կցուցադրի գրավիչ եւ արդյունավետ ֆուտբոլ: Առաջնությունում ցանկանում ենք տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, որպեսզի եվրոպական խաղերին մասնակցենք: Բայց պետք լուծենք եւս մեկ խնդիր. բավական մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք: Մենք պետք է բարելավենք եւ կատարելագործենք նրանց խաղը» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նշեց Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Խոսելով թիմի նորեկների մասին, երիտասարդ մասնագետն ասաց. «Վարդան Մովսիսյանին եւ Ստեփան Ղազարյանին շատ լավ ծանոթ եմ, գիտեմ նրանց հնարավորությունները: Բոյանի մոտ (Միխայլովիչ) արագությունը մի փոքր չի գոհացնում: Վլատկոն (Դրոբարով) ու Լաերսիոնը բավական երիտասարդ ֆուտբոլիստներ են: Վլատկոն հանդես է եկել բավական լավ թիմերում, իսկ Լաերսիոնը իսկական բրազիլական ոճի ֆուտբոլիստ է»: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյոք առաջիկա մեկ ամսում նոր համալրումներ են սպասում թիմում, Արամ Ոսկանյանը նշեց, որ դեռ հարձակման գծի խաղացողի կարիք ունեն. «Ներկայումս այդ գծի երկու խաղացող ունենք՝ Սարգիս Բալոյանը եւ Տիգրան Ղազարյանը, բայց կցանականայի ևս մեկ փորձառու ֆուտբոլիստ ունենայինք: Նման դրությունում արդեն եղել եմ, երբ մրցաշրջանը սկսել ենք, իսկ այդ գծում խնդիրներ ենք ունեցել: Չեմ ուզում նույն սխալը թույլ տալ» - եզրակացրեց «Բանանցի» մարզիչը: Ի դեպ, օգոստոսի 1-ին մեկնարկելիք Հայաստանի նոր առաջնության 1-ին խաղում Արամ Ոսկանյանը պետք է մրցի իր նախկին թիմի` «Միկայի» դեմ: