Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Խաչատրյանի գործով սպասեք անակնկալների. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Hayk-Alumyan

«Ես կարծում եմ և նաև պնդում եմ իմ կարծիքը, որ նա չէր ձերբակալվի, եթե չլինեին ԶԼՄ-ները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին, սակայն այդ գործով պետք է սպասեք անակնկալների։ Հիմա դժվար է կանխատեսել, թե այս անգամ ինչ մեթոդներ կընտրեն նրան քրեական պատասխանատվությունից ազատելու համար, բայց , հավանաբար, ինչ-որ բան կփորձեն անել։ Շատ հավանական է, որ դա կանեն այն ժամանակահատվածում, երբ մամուլը արձակուրդի մեջ կլինի, այ հենց այդ փուլում էլ սպասեք անակնկալների»,- շեշտում է փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորումը հասարակության աչքին իմիտացիա ստեղծելու նպատակ էր հետապնդում, թե՞ Բուդաղյանների ընտանիքի հետ կատարված դեպքերի հետ, այնուամենայնիվ, որոշակի առնչություն ունի։ Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ հուլիսի 27-ին կալանավորվել է Տիգրան Խաչատրյանը: Պարոն Ալումյանը համոզված է, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց մամուլի ճնշման ազդեցության ներքո, հակառակ պարագայում ըստ պարոն Ալումյանի՝ հնարավոր է, որ մեղադրանք առաջադրվեր Զաքարյան եղբայրներին, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Անդրադառնալով նաև 2013թ-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ քրեական գործին՝ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ գործն արհեստականորեն ձգձգում են՝ գործի քննությունը տեղափոխվելով մինչև օգոստոսի 6-ը։ Փաստաբանը, սակայն այստեղ, միտում է տեսնում, այս համատեքստում նշելով, որ դա արվում է հերթական անարդար որոշումը կայացնելու և հնարավորինս անարձագանք մնալու համար։ «Այդ ժամանակ մամուլն ավելի պասիվ է, մարդիկ զբաղված են իրենց հանգիստը կազմակերպելով և այդ օրերը շատ հարմար կլինեն իրենց անարդար որոշումների կայացման համար»,-ասաց նա։ Փաստաբանի խոսքերով՝ գործն այժմ գտնվում էՄարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսկ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների դեպքի առիթով փաստաբանի տեղեկացմամբ՝ ձերբակալվել է Արա Բուդաղյանը , սակայն առանց որևէ հիմնավորման։ Մանրամասները՝ տեսանյութում։