Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրության ներկայացված տարբերակն անընդունելի է»

Քաղաքականություն
logo

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նիստում անդրադարձ եղավ Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին և ներքին կառուցվածքային խնդիրներին վերաբերող հարցերին: Կառավարման խորհուրդն անընդունելի համարեց սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը, փաստելով, որ այն կհանգեցնի քաղաքական իշխանության մենաշնորհացմանը և մեկ քաղաքական ուժի դիկտատուրայի հաստատմանը, ինչը հարիր չէ ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանրապետության նախագահի ընտրության համակարգը ընտրիչների մեխանիզմով և վերջինիս փաստացի խորհրդանշական դերը պետության ռազմավարական կառավարման գործում, որն առաջարկվում է տվյալ նախագծով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվատանգային բնույթի լրջագույն մարտահրավերներին: Տարածաշրջանային լարված զարգացումների և ԼՂ հիմնախնդրի չկարգավորվածության պայմաններում անընդունելի է նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի բացակայությունը, ինչպես նաև անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմի անորոշ և երկիմաստ ձևակերպումները: Ներկայացված նախագծով ստեղծվելու է իշխանության ճյուղերի միջև անհավասարակշռություն և բացակայելու են իշխանության ճյուղերի փոխադարձ հակակշիռների և զսպումների, ժողովրդավարական երկրի համար անհրաժեշտ, մեխանիզմները: Ազգային ժողովի ընտրությունների երկփուլ համակարգը, որն իր նախադեպը չունի ոչ մի երկրում, ընդդիմադիր կուսակցություններին դուրս է մղելու իրական քաղաքական գործընթացից, իրական քաղաքական կյանքում չեզոքացնելով նրանց մանդատը, ինչը կզրոյացնի քաղաքական որոշումների ընդունման կամ կասեցման գործընթացի վրա ռեալ ազդեցության հնարավորությունը, որը ժամանակակից ժողովրդավարական մեխանիզմների առավել կարևոր բնութագրիչն է: Արդյունքում, արհեստականորեն փորձ է արվում մի կուսակցությանը սահմանադրորեն ամրագրել գերիշխող դիրք, ինչն անընդունելի է և հղի բազմաթիվ բացասական հետևանքներով: Խիստ տարակուսելի է Ազգային ժողովի պատգամավորների քանակի վերաբերյալ «առնվազն 101» ձևակերպումը, ինչը ենթադրում է, թեկուզ տեսականորեն, որ կարող է լինել նաև 1101 պատգամավոր: Այսինքն, նշվում է ստորին շեմը, իսկ վերին շեմի սահմանումը, ըստ էության, դառնում է իշխող քաղաքական ուժի մենաշնորհը: Անընդունելի են նաև այն ձևակերպումները, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կարող են թույլ տալ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ընտրվելու և ղեկավարելու տեղական ինքնակառավարման մարմինները: Նախագծում տնտեսական կարգի վերաբերյալ ձևակերպման մեջ բացակայում են հանրային սեփականության կամ հանրային-մասնավոր սեփականության ձևերին վերաբերող ձևակերպումները և ամրագրված է սեփականության միայն մեկ ձև` մասնավոր: Սա նշանակելու է, որ պետությունը չի կարողանալու ունենալ տնտեսական բնույթի որևէ սեփականություն, չի կարող լինել պետական-մասնավոր տնտեսական համագործակցության արդյունավետ մեխանիզմ և պետությունը դուրս է մնալու տնտեսվարման հարաբերություններից: Այս մոտեցումը, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամից հետո, չեն պաշտպանում անգամ ծայրահեղ ազատականները: Երկրում սեփականության տարբեր տեսակների (հանրային, մասնավոր, հանրային-մասնավոր) իրավահավասար գոյության չամրագրելը խնդրահարույց է տնտեսական ժողովրդավարության ձևավորման համար: Ելնելով վերոշարադրյալից` «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որն իր մեջ ներառում է 80-ից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպություններ, մերժում է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծը և մատնանշում, որ ներկայացված փաստաթուղթը լուրջ վտանգներ է պարունակում երկրի երկարաժամկետ ռազմավարական զարգացման տեսանկյունից: Միաժամանակ արձանագրում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պաշտոնական գրությունը, որն արձանագրում էր, թե ընդունվել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ըստ էույթյան, ներկայացված նախագծի հետ որևէ առնչություն չունի և իրականում մերժվել են բոլոր սկզբունքային առաջարկությունները` չնայած պաշտոնական գրությամբ արձանագրվել է հակառակը: Նիստում քննարկվեց և արձանագրվեց նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը, ինչը խթան է հանդիսանում շարունակաբար ահագնացող արտագաղթի համար` անմիջականորեն բացասական ազդեցություն ունենալով երկրի երկարաժամկետ, ռազմավարական պաշտպանունակության վրա: Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կազմակերպչական խնդիրներին` արձանագրվեց, որ միավորմանը շարունակում են անդամակցել նոր կազմակերպություններ, ինչը շարունակաբար ավելի է ընդլայնում շարքերը: Ելնելով նշվածից կառավարման խորհուրդը, միավորման կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, որոշեց ստեղծել 15 միություններ և 3 հանձնաժողովներ, որոնց գործունեության մասին տեղեկություններ կներկայացվի հաջորդիվ: «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն