Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elektra21

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից: Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն 500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում: Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին: Ակնհայտ է, որ ոստիկանությունը ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատև շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին: Կոչ ենք անում բոլորին. ով դեմ է իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանը, միանալ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին: Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կստեղծի կազմակերպել ոստիկանության ուժերի երկարատև շրջափակումը հրապարակի կենտրոնում, որը մեր կարծիքով կարող է դառնալ քաղաքացիների հաղթանակի գրավական: 28 հուլիսի, 2015թ.