Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը տանում է դեպի առճակատման. Հովհաննես Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9a7dcc5a6979647c765db54b73e78f24

Հովհաննես Սահակյանին զարմացնում է ՀԱԿ-ի մտավախությունը, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթով Ազգային Ժողովի նախագահը կարող է միանձնյա առաջարկել վարչապետի թեկնածուին. «Եթե խորհրդարանի մեծամասնությունն ընտրում է խորհրդարանի ղեկավար, այսինքն, ո՞վ առաջադրի՝ խորհրդարանից որեւիցե մեկը բարձրանա եւ ասի՝ ես առաջարկում եմ ա՞յս թեկնածուին կամ այն»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։ Կայուն խորհրդարանական մեծամասնություն ունեցող խորհրդարանում, ըստ պարոն Սահակյանի, բացառված չէ, որ այլ քաղաքական ուժեր էլ կարող են վարչապետի իրենց թեկնածուին առաջարկել. «Այո, կարող են, եթե էդ ընթացակարգերը բոլորը պահպանեն»։ Պատգամավորին ամենից շատ մտահոգում է ՀԱԿ հայտարարության այն կետը, որ սահմանադրական այս փոփոխությունների ներդրումից հետո Հայաստանում իշխանության որեւէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն-իշխանություն սուր առճակատման եւ ցնցումների միջոցով։ ՀՀԿ-ն ուշադիր կլինի. «Իրենք ուղղորդում են, կոչ են անում եւ տանում են դեպի առճակատման»։ Քաղաքական ուժերն ասում են, որ Հանրապետականն իր հագով կարված այս փաթեթը մտադիր է անցկացնել կեղծիքներով եւ դառնալ հավերժ իշխանություն։ Հովհաննես Սահակյանն այսպիսի մտավախություն հայտնողներին առաջարկում է իրենց նայել. «Եթե մենք նույնիսկ կուսակցության մեջ չունենք այնքան մարդկանց ռեսուրս, որ կարողանանք ապահովել այդ ընտրական օրենսգրքի մեջ տեղ գտած բոլոր դրույթները՝ վստահված անձանց միջոցով, հանձնաժողովների անդամների միջոցով, բայց միեւնույն ժամանակ խոսում ենք բավականին ամպագոռգոռ եւ բարձր դիրքերից, սա ինձ մտահոգում է»։ Իրավաբան Արա Ղազարյանին 1995-ից մինչեւ 2013-ը հայտնի չէ Հայաստանում իրականացված մի համապետական քվեարկություն, որը չի կեղծվել։ Ինքը երաշխիք չունի, որ առաջիկա հանրաքվեն նույնպես չի կեղծվելու։ Հետեւաբար պարզ չէ՞, որ իշխանության խնդիրը քաղաքական դաշտի բարեփոխումները չեն. «Եթե մինչեւ հիմա վատ է եղել, նշանակում է՝ սա՞ էլ է վատ լինելու։ Ես չեմ ուզում նման կանխավարկածով։ Որովհետեւ եթե այդպես մտածենք, ամսի 23-ին ոստիկանությունը ուժ կկիրառեր այնպես ինչպես մարտի 1-ին է կիրառել։ Ինչու՞ չկիրառեց՝ որովհետեւ ինչ-որ բան է փոխվել այս երկրում։ Իրավաբանի տպավորությամբ Հայաստանում զարգանում է քաղաքացիական հասարակությունը։ Սա լավ է, փոփոխությունները ներքեւից վերեւ են լինելու, չարժե մտածել, որ փոփոխություններ չեն լինելու. «Եթե մենք առաջնորդվենք փաստի կանխավարկածով, ոչինչ չանենք, հեռանա՞նք էս երկրից»,-ասում է նա։ Ի դեպ, իրավաբանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ մի վստահություն չի ներշնչի, եթե հանրաքվեին մասնակցածների ցուցակները չհրապարակվեն։ Ցուցակների հրապարակումը պետք է լինի հանրաքվեն անցկացնելու նախապայման. «Մինչեւ այժմ առաջ են քաշել այն գաղափարը, որ դա անձնական կյանքի իրավունքի... Շատ լավ՝ թող միջամտություն լինի։ Չէ՞ որ ավելի կարեւոր հարց է դրված այստեղ՝ ընտրությունների լեգիտիմությունը։ Հանուն դրա արժե այդ զոհել, մանավանդ որ մարդիկ իրենց կամքով են գնում։ Եվ եթե մեկը ինչ-որ խնդիր ունի, թող չգնա»։