Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծոռը թույլ չի տվել վաճառել մեծանուն պապի տունը (տեսանյութ)

Հասարակություն
Jivani

Ջավախքի Կարզախ գյուղը մինչ օրս չուներ հանրահայտ համագյուղացու` գուսան Ջիվանիի տուն-թանգարան: Ամեն տարի այստեղ անցկացվում են Ջիվանիին նվիրված միջոցառումներ, սակայն միայն այս տարի տեղի ունեցավ հանգանականություն` նրա տունը որպես թանգարան ստեղծելու համար:Դեռ 10 տարի առաջ տունը ձեռք էր բերել գուսանի` երեւանաբնակ ծոռը Սպարտակ Բանգոյանը՝ 2000 դոլարով այն գնելով բարեկամուհուց. «Իմանալուն պես, ես մեքենան նստա ու ոնց որ խելագարված` քշեցի եկա գյուղ: Եկա ասի, այ հորողբոր կին, դու էս ոնց կվաճառես, ում տունը կվաճառես, սա մեր պապի տունն է, սա վաճառելու տուն չէ, ասի»: Տունն իդեպ ավելի քան 170 տարվա պատմություն ունի եւ պետք է վերանորոգվի. «Հնությունը մնալու է: Փայտերը առողջ փայտ են, բայց այնտեղ մի քանի սենյակ կա, ամբողջությամբ փտել են, պետք է ամբողջությամբ փայտերը փոխվի», ասում է Սպարտակ Բանգոյանը։ Գուսան Ջիվանու ծոռը պարծենում է նաեւ` ինքը ՌԴ-ում երկաթի գործարան ունի ու գյուղին շատ հարցերում է օգնել, ֆինանսավորել. «Խաչիկը հաշվել է, մեկը կա, ասում է` 100 հազար դոլար փող ես ծախսել գյուղի, դպրոցականների համար: «Մուզիկալնիյ ցենտր ենք բերել, մենք տետր-գրիչ ենք բերում, սումկա, հագուստ, փողով եմ օգնում, մի տարի Վերջին զանգին աղջիկներին ոսկե մատանի նվիրեցի», շարունակում է Սաթենիկ Բանգոյանը: Ջավախքում գուսան Ջիվանիին նվիրված միջոցառումներին անմիջապես հաջորդում են հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված հանդիսությունները: Գանձա գյուղում գտնվող Տերյանի տուն-թանգարանի տնօրենի խոսքերով` բանաստեղծի մտքերն ու գաղափարները ազգային միասնության եւ հայրենասիրության կարեւոր նշանակություն են ունեցել Ջավախքում. «Թեեւ այդ հայրենասիրությունը մի քիչ փրփուր վիճակում է, այսինքն, ավելի շատ ուռա հայրենասիրություն է, քան թե լուրջ հայրենասիրություն` մենք, մեր բացառիկությունը, չգիտեմ` մեր կասկածելի առաքելությունը այս աշխարհում կամ համայն մարդկության կյանքում»,- ասում է Տերյանի տուն-թանգրանի տնօրեն Վաղարշակ Թանգանյանը: Արդյոք ՀՀ-ից կա աջակցություն թանգրանին: Պարոն Թանգանյանի խոսքերով` խոստումների պակաս երբեք չեն զգացել, սակայն գործնականում ոչինչ չի արվել։