Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնահատել արվեստագետին կյանքի օրոք. Արամ Ղարաբեկյան սքանչելի մոլորակը (տեսանյութ)

Մշակույթ
unnamed

Բարձրաճաշակ համերգների հմուտ կազմակերպիչ, բեմական գեղեցիկ, էլեգանտ կեցվածքով դիրիժոր, երաժշտության նվիրյալ Արամ Ղարաբեկյանը հուլիսի 17-ին կդառնար 60 տարեկան: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ապրեք երկար» խորագիրը կրող, մաեստրոյի հիշատակին նվիրված համերգը մեկ բեմում համախմբեց հայ և իտալացի մեծանուն երաժիշտների, որոնցից շատերի անունները, թերևս հայտնի դարձան հայ ունկնդրին Արամ Ղարաբեկյանի շնորհիվ` սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի, կիթառահար Լուկա Լուչինի, ջութակահար Սերգեյ Խաչատրյան։ Հայ կոմպոզիտորներից շատերը իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները վստահում էին Արամ Ղարաբեկյանին, ով ուսանել էր Լեոնարդ Բերնստայնին, Բոստոնում հիմնել և ղեկավարել էր «Սիմֆոնովա» նվագախումբը, ում Ուկրաինայի մշակույթի նախարարը նշանակել էր գլխավոր խորհրդական և հանձնարարել զբաղվել երկրում գործող տասնյակ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերով, ում օրոք Հայաստանի պետական կամերային նվագախումբը զարթոնք ապրեց: Բարեգործական համերգը նախաձեռնել էր Ղարաբեկյան ընտանիքը: Ստացված հասույթը կտրամադրվի Շուշիում կառուցվող համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին: «Թեև այժմ նա մեզ հետ չէ, բայց առաջվա պես ապրում է երաժշտության մեջ և մեր բոլորի հոգիներում», - սա էր համերգի ուղերձը հանդիսատեսին, սակայն գնահատել արվեստագետին պետք է կյանքի օրոք, չզրկելով նրան սիրած գործից: Սվետլանա Նավասարդյանի բնորոշմամբ Արամ Ղարաբեկյանը սքանչելի մի մոլորակ էր հայ արտիստական երկնակամարում, սքանչելի, անավարտ մնացած մի երգ։