Ոստիկանական ճնշումներ՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ. ահազանգ (տեսանյութ)
Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի շրջանակում 3 օր է՝ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ հայտարարեց, որ շարունակում է հացադուլը, եւ հստակ ժամկետ չկա, թե մինչեւ երբ կշարունակի։ Մյուս 4 ակտիվիստները, որ միացել էին նրան մեկ օր առաջ, դադարեցրել են հացադուլը։ Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ շարժման համակարգող խմբի անդամների նկատմամբ իրականացվում են ոստիկանական ճնշումներ. ըստ նրա՝ ոստիկանները, իմանալով այդ մարդկանց անձնական տվյալները, այցելում են նրանց բնակարաններ, ընտանիքի այլ անդամների ներկայությամբ հորդորում են զերծ մնալ հավաքների մասնակցելուց, դուրս չգալ փողոց։ Դավիթ Սանասարյանը սա գնահատում է իբրեւ իշխանությունների կողմից իրականացվող քայլ, որի նպատակը շարժումը թուլացնելն է։ Այսօր առավոտյան, ինչպես նշեց Սանասարյանը, իրեն է մոտեցել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հորդորել դադարեցնել հացադուլը, պայքարի այլ ուղի ընտրել։ Հիշեցնենք, որ այսօր, ժամը 19,00-ին Լուսավորիչ հանրահավաք է, որից հետո, չի բացառվում, որ երթ կլինի. ըստ Դավիթ Սանասարյանի՝տեղում կորոշվի։