Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել են Երևանում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

Հասարակություն
f4bffa27c60ea3064bddade854ac2a5f

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա Արման Մելիքյանի սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երևան քաղաքի «Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից» հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:25-ին, շտապօգնության կողմից Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի 4-րդ շենքին հարող տարածքից բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան տղամարդ՝ ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1977թ. ծնված Արման Մելիքյանն է։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել մեծածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ ապահովելու դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Կատարված քննության արդյունքում պարզվել է սպանությանը նախորդած ժամանակահատվածում Ա.Մելիքյանի գտնվելու վայրը, ընկերակիցների շրջանակը, առաջացած վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ենթադրյալ կասկածվողը լուսանկարով ներկայացվել է վկաների ճանաչմանը։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին