Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հզոր երկրի քայլ է կատարել (տեսանյութ)

Սպորտ
sport-rostomyan

«Բաքվում ամեն օր մեր պատվիրակությանը մոտենում էին տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ եւ շնորհակալություն հայտնում խաղերին մասնակցելու համար` նշելով, որ մեր կատարած քայլը բնորոշ է հզոր երկրներին» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով Ադրբեջանում վերջերս կայացած եվրոպական առաջին խաղերում եղել է մեր պատվիրակության ղեկավարը: Խոսելով մեր մարզիկների ելույթների մասին, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ասաց, որ իրենք այդ խաղերում ակնկալում էին երեք մեդալ, սակայն նվաճեցին միայն մեկը. «Մենք մրցավարությունից դժգոհելու իրավունք չունենք: Որոշակի խնդիրներ կային բռնցքամարտում, սակայն դա կապված էր այդ ձեւի կանոններում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Հայ մարզիկների նկատմամբ կողմնակալ մրցավարություն մենք չենք նկատել Բաքվում», - նշեց Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ հիշեցրեց, որ մեր պատվիրակության բոլոր ծախսերը հոգացել է կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ եղանակով են փոխհատուցել Բաքվում կատարված ծախսերը, պարոն Ռոստոմյանը մեր պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանի օգնությամբ պատասխանեց. «ՀԱՕԿ-ը վճարել է մեր մարզիկների բոլոր ուսումնամարզական հավաքները, ճանապարհածախսը: Բաքվում մնալու, սնվելու, տրանսպորտի համար, բնականաբար, ոչ մի գումար չենք ծախսել, սակայն դրա դիմաց գումար ենք փոխանցել Եվրոպական օլիմպիական կոմիտեին»: