Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք մի կառույց ենք, որը չի կարող անթերի լինել». Ռոբերտ Նազարյան (տեսանյութ)

Տնտեսություն
nazaryan-397x265

Երևանում ջրի սակագինն առաջիկա մեկ տարում չի բարձրանա։ Ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հրաժարվեց 2.38 դրամով թանկացումից և սակագինը կշարունակի մնալ 170 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում հերքում է լուրերը, թե ջրի սակագինը չբարձրացնելը կապ ունի ՀԷՑ-ի շուրջ առաջացած աղմուկի հետ։ «Ես, կարծես թե ինչ-որ տեղ կանխազգալով այս ամեն ինչը, խորհուրդ տվեցի պարոն Գրիգորյանին, որ եթե թանկացումից հրաժարվելու ցանկություն կա, ապա ճիշտ կլինի մինչև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը նամակով դիմեն մեզ՝ հետագայում ավելորդ շահարկումներից խուսափելու համար»։ Ռոբերտ Նազարյանը չի զարմանում, որ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր գլխավորած հանձնաժողովի որոշումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց. «Ցանկացած բողոք, որը տեղի ա ունենում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կողմից, արդարացված եմ համարում այնքանով, որքանով այդ բողոքի առիթը կա։ Վերջին երեք տարում սակագնի բարձրացումը չէր կարող որևէ մեկին անտարբեր թողնել»։ ՀԷՑ-ում նշանակված աուդիտը հնարավորություն կտա որոշակի պատկերացում ունենալ ստեղծված իրավիճակի մասին, իսկ մասնագիտական քննարկումների հետաքրքրություն նա չի տեսնում։ «Կա աուդիտի մասին հանրապետության նախագահի հայտարարությունը և՛ ՀԷՑ-ի, և՛ մեր կատարած աշխատանքների նկատմամբ ու հիմա ես մի քիչ զարմացած եմ, որ մեր մոտ էս օրերերին որևէ մեկը չի այցելում, չի ուզում որևէ ձևով վերլուծել և գնահատական տալ։ Մեզ հետ չեն խոսում, մինչև վերջ մեր կարծիքը չեն լսում, այլ չոր թվերն են խոսացնում, էսպես ձևակերպեմ՝ խափսն են տալիս»,- այսպես է մեկնաբանում պարոն Նազարյանը Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հնչող տեսակետները։ Նա սպասում է մասնագետների հետ համատեղ աշխատանքին։ Քննարկումների արդյունքում չի բացառվում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը. «Ես չեմ ասում, որ մենք կարող ենք վերջնական էնպիսի հիմնավորումներ ներկայացնել, որ դա մինչև վերջ համոզիչ կլինի, բայց դա մոտ կլինի իրականությանն և գնահատականներին։ Մենք էլ մի կառույց ենք, որ չի կարող անթերի լինել, կարող ա և թերություններ ենք ունեցել»։