Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավորը հպարտ է երկրի ժողովրդավարական արժեքներով (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Minasyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ծավալված պայքարին տրվել է արդարացի լուծում՝ նկատի ունենալով աուդիտի իրականացման աշխատանքները։ Ըստ այդմ իշխանական կուսակցության պատգամավորը շեշտում է, որ Բաղրամյան պողոտան փակ պահելն այլևս անիմաստ էր, իսկ ոստիկանության երեկվա գործողությունները պատգամավորը գնահատում է իրավիճակին համաչափ։ «Ոստիկանությունը ցանկացած երկում ունի ֆունկցիա՝ իրականացնելու գործողություն նաև ուժի միջոցով, եթե կա դրա անհրաժեշտությունը, բայց այս դեպքում բոլորս էլ տեսանք, որ որևէ այդպիսի իրավունք չի կիրառվել։ Կիրառվել է խոսքը, որը ճիշտ օգտագործելու դեպքում ամենահզոր զենքն է, բացատրել են՝ մարդիկ էլ հասկացել են»,- ասում է Մկրտիչ Մինասյանը։ Արդյո՞ք իշխանությունը նահանջեց և գնաց զիջումների` հասարակության բարձրացրած բողոքի ալիքի առջև. «Ա1+»-ի լրագրողի դիտարկմանը ի պատասխան պարոն Մինասյանը նշեց. «Իշխանությունը չգնաց զիջման, իշխանությունը ընթացք տվեց ժողովրդի պահանջին։ Ժողովրդի ձայնին ականջալուր լինելը և ընթացք տալը զիջում չէ։ Այն շատ նորմալ է և ցանկացած քաղաքակիրթ երկրում դա լինում է, և ես շատ հպարտ եմ, որ ապրում եմ այն երկրում, որտեղ ժողովրդավարական արժեքները չեն ոտնահարվում»։ Մանրամասները՝ տեսանյութում։