Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական 6-րդ խաղերի ջահը հասավ Կահիրե

Սպորտ
egiptos

Համահայկական ամառային 6-րդ խաղերի սփյուռքյան ջահը շրջելով Միջին արեւելքը՝ հասավ Կահիրե: Այն դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ, հայ համայնքի, տեղի ավանդական կուսակցությունների եւ հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց պատարագ: Արամ Ա կաթողիկոսի օրնհությամբ Անթիլիասի մայր տաճարի անմար կրակը համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով փոխանցվեց եգիպտահայերին: Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց. «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,- ասաց Ա. Մելքոնյանը: Համահայկական խաղերի ստեղծման առաջին օրերից խաղերի անցկացման եւ կազմակերպման գործում կարեւոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքով համահայկական խաղերը հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: Սփյուռքը խորհրդանշող ջահը կտրելով Նեղոսը, հասավ հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր՝ իր հետ Հայաստան բերելով հավերժի գաղափարը: