Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննվեց կուտակայինի դիմումը. ԱԺ ներկայացուցիչը տեղյակ չէր հարցերից

Քաղաքականություն
sahmanadrakan3

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով 10-15 րոպեում քննեց ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ ներկայացրած դիմումը: Այն վերաբերում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականությանը: ՍԴ-ում ներկա էին «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցությունից Արայիկ Աղաբաբյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Խաչատրյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատասխանող կողմը ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը: Թեեւ դիմումի քննությունը գրավոր ընթացակարգով էր, սակայն ՍԴ անդամ Կիմ Բալայանը հարց ուներ նրան ուղղված, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ չէ պատասխանելու նրա հարցերին: Նրա պատասխանը զարմացրեց Կիմ Բալայանին, եւ նա արձագանքեց. «Միգուցե լսեիք հարցս հետո միայն այդպես պատասխանեիք, մանավանդ հարցս ձեր ներկայացրած հիմնավորումների շրջանակներում է»: Կիմ Բալայանի հարցը վերաբերում էր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդունմանը արտահերթ նիստով. «Պարոն Սարգսյան, կարո՞ղ եք ներկայացնել իրավական այն հիմքը, որով ԱԺ-ն օրենքի փոփոխություններն առանց մշտական հանձնաժողովներում կամ հանրային լսումների ժամանակ քննարկելու է արտահերթ նիստում քվեարկել ու ընդունել»: ԱԺ իրավաբանական վարչության պետն ի պատասխան հայտարարեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»: ՍԴ-ն գնաց խորհրդատվական սենյակ: Որոշումը կհրապարակվի օրվա ընթացքում: