Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը խոսում է սահմանադրական բարեփոխումներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4d3ee3a0164b1161f24292f9cf7e50f6

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը վտանգավոր է համարում Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները։ Հիմա խորհրդարանական կառավարման անցնելու ժամանակը չէ. «Անկախ նրանից, թե ով մեծամասնություն կկազմի պառլամենտում, ինչպիսի կառավարություն կձեւավորվի, ով վարչապետ կլինի»։ Գագիկ Ջհանգիրյանը հենց սահմանադրական փոփոխությունների բովանդակությանն է դեմ, քանի որ պատերազմող երկրին անհրաժեշտ է օպերատիվ ձիգ գործադիր իշխանություն։ Առաջին Հանրապետության կործանման մեջ էլ մեծ է խորհրդարանական կառավարման դերը. «Որը զրկում էր գործադիր իշխանությանն արագ, օպերատիվ որոշումներ ընդունելու եւ կյանքում իրագործելու»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեր պետության քաղաքական համակարգը, կուսակցությունները եւ նրանց ղեկավարման ավանդույթները խորհրդարանական կառավարման հագով չեն։ Այսպիսի կուսակցություններով ձեւավորված Ազգային Ժողովով դժվար կլինի որեւէ երկրի պատերազմ հայտարարելու որոշում կայացնել. «Պատերազմ հայտարարելու պահը կարող է վայրկյան է պահանջում, րոպե է պահանջում կամ, լավ, հինգ րոպե է պահանջում, իսկ պառլամենտում պատերազմ հայտարարելու պահը պրոցեդուրա է»։ Պատգամավորը համոզված չէ, որ մեր պետության հիմնական խնդիրը կիսանախագահական համակարգն է։ Ինքը սակայն չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանին կամ նրա ձեւավորած Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, որպեսզի ներկայացնի իր տագնապներն առաջարկվող փոփոխությունների մասին. «Ես ավելին գիտեմ, ես գիտեմ Հանրապետական մեծամասնության կարծիքը էս հարցում։ Թե էս տարիներին, թե նախկին տարիներին։ Այ, եթե դուք վեր հանեք 2005 թվականի Սահմանադրական փոփոխությունների քննարկման էդ նյութերը, կտեսնեք՝ էն ժամանակ էլ կային ուժեր, որոնք առաջարկում էին պառլամենտական համակարգի անցնել։ Եվ նայեք, թե ինչ արգումենտներով էին հերքում էդ պառլամենտական կառավարման համակարգի աննպատակահարմարությունը Հայաստանի համար։ Հիմա էդ բոլորը 180 աստիճանի շուռ են տվել»։ Ի դեպ, Հանրապետական իշխանության վիճակը պարոն Ջհանգիրյանը բնորոշում է որպես ճգնաժամային հաշվի առնելով ոչ միայն ներքին, այլեւ արտաքին մարտահրավերները։ Սակայն պատգամավորը դեռ չի կարող ասել, թե ինչու այս ամենը չի ցնցում Հայաստանի քաղաքացուն. «Չեմ կարող ասել, բայց որ մի բան անհրաժեշտ ա, որ մեր ժողովուրդը խելքի գա, ցնցվի հասկանա»։