Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ է ձեզ թույլ տվել մեր անվտանգության ռեսուրսները ծախսել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Arvestagetner

«Եթե երկրի ղեկավարությունը տեղյակ չէ այն ամենից, ինչ կատարվում է ու աուդիտ է անում, նշանակում է՝ թույլ ղեկավար ունենք։ Բայց ես կարծում եմ, որ նա տեղյակ է»,-էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առկա իրողությունների մասին խոսելիս նման կարծիք հայտնեց նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Շեշտում է, որ ներկայում տնտեսությունը զրոյական վիճակում է, արտաքին քաղաքականություն ընդհանրապես գոյություն չունի, իսկ նախագահը կատարում է դրսի հրամանները։ «Պետք է խնդրենք, որ երկրի նախագահն իր ծառայությունը դադարեցնի։ Իշխանությանը պետք է դուրս հրավիրենք»։ Նա վստահ է, որ այսպես շարունակել չի կարելի, հակառակ դեպքում կկորցնենք մեր պետությունը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների մասով պարոն Աղաբաբյանը շեշտեց, որ բախումներով մեզ շատ են վախեցնում. «Այդ բախումներից թող իշխանավորները վախենան։ Օսիպյան կա, ինչ կա, տվին, երիտասարդներին ջարդեցին, հիմա էլ պտտվում են նրանց մեջ»։ Նկարիչը անգնահատելի է համարում պետության ու պետականության անխախտությունը. «Եթե մենք մի օր պետություն չունենանք, ես իմ բոլոր նկարները կվառեմ։ Դրանք այլևս պետք չեն լինի, իմ տեսակին անհրաժեշտ չեն լինի»։ Իսկ գուսան Հայկազունի պատկերացմամբ՝ երկրում ընդդիմություն գոյություն չունի, այլ միայն ըմբոստ երիտասարդներ։ Բաղրամյան պողոտայում նրանց ցույցը գուսանին հիշեցնում է 80-ականները, երբ իրենք էլ երիտասարդներով պահանջատեր էին։ «Հիմա ավագ սերունդը ձեռքերը լվացել է, մնացել են այս երիտասարդները,-նշեց նա։ Երաժշտին չի դադարում անհանգստացնել երկրում տիրող վիճակը,- Ես 45.000 դրամ թոշակ եմ ստանում, որով 2 օր էլ չեմ կարող ապրել, բայց մտածում եմ մյուսների մասին։ Երիտասարդները մեր երկրի ապագան են»։ «Ոստիկանի ասածի մեջ, թե սա փոքր երկիր է, սթափվեք, ճիշտ բան կա։ Բայց հակառակ ուղղությամբ պետք էր գոռալ. սթափվեք, պարոնայք, ժողովուրդն այլևս ուժ չունի՝ դիմանալու»,-իր հերթին նշեց կոմպոզիտոր Եղիշե Պետրոսյանը։ Կառավարության որոշումն իրեն չի գոհացնում. «Ովա՞ ձեզ թույլ տվել մեր անվտանգության ռեսուրսները ծախսել՝ էլեկտրաէներգիայի ավելորդ գումարը փակելու համար։ Առանց այն էլ մեր սպաները ծախսում են միջոցները շքեղ տների, մեքենաների վրա. ճոխ կյանք են անցկացնում»։ Երաժիշտը ցավում է, որ երկրի նախագահը կատարում է դրսից եկող հրամանները։ «Էրեխուն էլ հարցնես, թե նախագահը սենց ասեց, ինքը կասի, թե Պուտինն է ասել»։ Պարոն Պետրոսյանը վստահ է. հարկ եղած դեպքում մեզ ոչ ռուսը կպաշտպանի, ոչ ամերիկացին, ոչ էլ՝ Եվրամիությունը։