Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոլաթթվի ավելցուկը նորածնի մոտ բնածին սրտի արատ կառաջացնի

Հասարակություն
աաա

Հայաստանի բնակիչները ոչ թե ֆոլաթթվի պակաս ունեն, այլ մի բան էլ ավելցուկ: Այս եզրակացության են եկել «Սպառողների ազգային ասոցիացիայի» մասնագետները. «Մենք շատ կանաչեղեն ենք ուտում, դրա համար էլ մեզ մոտ անգամ ավելի է, քան պետք է լինի»,- նշում է ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Հենց սրա համար է, որ մի խումբ մասնագետներ դեմ են հացը ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելու կառավարության առաջարկին: Նրանք ուսումնասիրելով դաշտը` զգուշացնում են այն վատ հետեւանքների մասին, որոնք կարող են առաջանալ այս ծրագրի իրագործման արդյունքում. «Երբ երկաթի ավելցուկ է լինում օրգանիզմում, նա արդեն ազատ ռադիկալներ է առաջացնում, որը ուռուցքի հարուցիչ է»,- պնդում է «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլենա Արիստակեսյանը: Մասնագետները առաջարկում են, որ այս երկու հավելումները տան միայն այն մարդկանց, ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն. «Ես սպառող եմ, ես իրավունք ունեմ ընտրել, ես չեմ ուզում իմ իրավունքները ոտնահարեն»,- ասում է տիկին Հակոբյանը ու հավելում, որ նրա համար անընդունելի են բոլոր պատճառաբանությունները. «Բժիշկները ասում են հղիներին է պետք, բայց մեր հանրապետությունում տղամարդիկ էլ կան, ո՞նց կարող է այդպես լինի»: Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն էլ օրինակ է բերում Չիլին, որտեղ արդեն ալյուրը հարստացնում են ֆոլաթթվով ու երկաթով. «Հաստաղիքի քաղցկեղը երկու անգամ ավելացել է, իսկ կրծքագեղձի քաղցկեղը եռապատկվել է: Հենց Չիլիում ընդունում են, որ դա ֆոլաթթվի չարաշահումից է: Ճիշտ է, մեզ մոտ ավելի քիչ են ավելացնելու, բայց մենք երկու անգամ ավելի շատ հաց ենք ուտում: Դուրս է գալիս նույն բանը»: Իսկ երկաթի սուլֆատի ավելացման դեպքում պարոն Կարապետյանը պնդում է, որ վտանգված կլինի նաեւ ապագա սերունդը. «Եթե հղի կինը շատ ընդունի, կարող է երեխայի մոտ բնածին սրտի արատ առաջանալ»: Մասնագետները վերջում հավելում են, որ բնությունը մեզ ամեն ինչով ապահովում է, եւ մենք ոչ երկաթի պակաս ունենք, ոչ էլ` ֆոլաթթվի: