Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հուլիսի 9-ին ակցիա կանեն

Տնտեսություն
nairit-1

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցները հուլիսի 9-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց։ «Մեզ խոստացել էին, որ մինչեւ հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը փակվելու է։ Դա նշանակում է, որ առնվազն 10 օր առաջ գոնե ամսի 5-ից 6-ից պետք է սկսեն գումարը փոխանցել, որովհետեւ սա բավականին մեծ գումար է եւ ինչպես հասկանում եմ, պետք է արվի հերթականությամբ»,- «Ա1+»-ին ասաց «Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ հավաքվում են, որպեսզի հասկանան, թե երբ է գործարանը վերագործարկվելու եւ մարվելու աշխատավարձի պարտքը։ «Եթե մինչեւ ամսի 9-ը գումար չփոխանցեն, դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է ասեն՝ կներեք չստացվեց կամ մի քիչ էլ ենք ձգում»,- մտավախություն հայտնեց Անուշ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է կառավարության նիստի ընթացքում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը գրավից հանելուն եւ կառավարությանը փոխանցելուն, համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հուսադրող երեւույթ է համարում, որովհետեւ նախապես խոստացել էին, երբ որ գրավից հանվի, այդ ժամանակ կարող են վճարել աշխատավարձը։ Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ մինչեւ հուլիս ամսվա 15-ը պետք է մարվի նաիրիտցիների ողջ պարտքը: Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներն այս տարվա փետրվարի 6-ից առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից: Գործարանը նաիրիտցիներին 18-ից մինչեւ 24 ամսվա աշխատավարձ է պարտք: