Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվել է

Հասարակություն
3f91a5b0792804615d72e7d7e30ce40f

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվեց: Նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում: Այս բուհերը  Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած վերջին երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն էին: Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ  հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ: Իսկ հավատարմագրում չստացած բուհը, փորձագիտական զեկույցում մատնանշված խնդիրները վերացնելուց հետո, կարող է նորից դիմել` ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ մեկ  բուհի շնորհվել էր 6 տարի ժամկետով, ութ բուհի`4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում, մեկ  բուհի` 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում, իսկ մեկ բուհի հավատարմագրումն էլ մերժվել էր: