Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտան փակելու 3 պատմական փորձ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxr1

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Բաղրամյան պողոտան փակվեց 1996-ի սեպտեմբերին; Պողոտան փակելու առիթը ընդդիմության կարծիքով նախագահի կեղծված ընտրություններն էին։ Երթը սկիզբ առավ Ազատության հրապարակից։ Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը պահանջում էր չեղյալ համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Ազգային Ժողովի շենքում գտնվող Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Խաչատուր Բեզիրջյանը համառորեն հրաժարվում էր։ Երեկոյան ընդդիմության առաջնորդը ժողովրդին տանում է Բաղրամյան պողոտա եւ ԿԸՀ մտնելիս հայտարարեց. «Եթե 15 րոպեից չվերադարձա, եկեք իմ հետեւից»։ Ժողովուրդը գնաց նրա հետեւից։ Ջարդվեցին խորհրդարանի ճաղերը, հարձակվեցին հատուկ ջոկատայինների վրա, ծեծվեցին Ազգային Ժողովի նախագահն ու փոխնախագահը։ Ժողովրդին ցրեցին ջրցաններով, դեպի օդ ուղղված կրակոցներով եւ մահակներով։ Երկրորդ անգամ Բաղրամյան պողոտան փակվեց 2004-ի ապրիլին նախագահի ընտրությունների երկրորդ փուլից մեկ տարի հետո։ Պահանջը փոքր-ինչ ուրիշ էր՝ կատարել Սահմանադրական դատարանի վճիռը, որով նախագահի ընտրություններից մեկ տարի հետո պետք է իրականացվի վստահության հանրաքվե։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր ընդդիմանում։ Ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ժողովրդին Բաղրամյան պողոտա առաջնորդեց Մատենադարանի մոտից 2004-ի ապրիլի 12-ին։ Նույն գիշերն իշխանությունը գազանային մեթոդներով հրապարակը մաքրեց ցուցարարներից, ձերբակալեց հարյուրից ավելի մարդու եւ ապրիլի 13-ի լուսաբացին տվեց երթեւեկության համար ազատ Բաղրամյան պողոտա։ Բաղրամյան պողոտան փակելու երրորդ եւ ամենախոշոր փորձը ձեռնարկեց «Ոչ թալանին» շարժումն այս տարվա հունիսի 22-ին։ Պահանջը Սերժ Սարգսյանից էր, սակայն ոչ մի կապ չուներ նախագահի ընտրությունների հետ։ Երիտասարդները Սերժ Սարգսյանին կոչ էին անում չեղարկել էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու որոշումը։ Վերջինս առաջարկեց հանդիպել, ինչը մերժվեց։ Լուսադեմին ոստիկանությունը պակաս գազանությամբ, սակայն մկանավոր տղաների եւ ջրցանի աջակցությամբ բացեց Բաղրամյան պողոտան։ Նույն օրվա երեկոյան երիտասարդները կրկին փակեցին Բաղրամյան պողոտան եւ այլեւս չազատեցին։ Ոստիկաններն ամեն օր հայտարարում էին, որ երիտասարդները գործում են օրենքից դուրս։ Ոստիկանապետը եւ Սերժ Սարգսյանն անձամբ էին խնդրում բացել։ Նրանց խնդրանքը քննարկվում է եւ մերժվում։ Այսօր լրանում է Բաղրամյան պողոտան փակելու 12-րդ օրը։ Մինչեւ երեկո ոստիկաններն այնտեղ մեծամասնություն են, երեկոյան պողոտան լցվում է ցուցարարներով, որոնք հնչեցնում են մեկ բառ՝ չեղարկում։