Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչը ցրի ոստիկանությունը, ցրելու բան չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
meliqyan

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գործուղման մեջ է եղել, երբ պատգամավորներից ու մտավորականներից կազմված կենդանի պատը կանգնել է ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների միջեւ: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, ասաց Գագիկ Մելիքյանը` ավելացնելով` եթե կրկին անհրաժեշտություն լինի, ինքը կմիանա. «Գաղափարը բավականին բարձր ինտելեկտի մասին է խոսում: Կարծում եմ` ընդհանրապես դա ճիշտ է` ժողովրդին հանգստացնելու համար»: Կողմ լինելով կենդանի պատի գաղափարին` պարոն Մելիքյանը միաժամանակ չի հավատում, որ որեւէ անօրինական գործողություն իրավապահ մարմինների կողմից կարող էր կատարվել ու չի էլ հավատում, որ կկատարվի. «Ցանկացած դեպքում միշտ պետք է լինել ժողովրդի հետ, նրա ցանկությունները միշտ լսել, հաշվի առնել, ուսումնասիրել եւ համապատասխան գնահատականի արժանացանել: Կարծես թե` Բաղրամյան պողոտայում հավաքվածները կամաց-կամաց հասկանում են իրավիճակը, եւ գտնում են, որ իրենց կողմից բարձրացված հարցերին հանրապետության նախագահի կողմից արդեն պատասխան տրվել է»: Նրա համոզմամբ` ճիշտ չէ, որ Բաղրամյան պողոտան փակ է, քանի որ այն փակելը հարցի լուծում չէ, եւ այն հանրահավաքների իրականացման վայր չէ: Գագիկ Մելիքյանն այսօր պողոտայի այդ հատվածով է գործի եկել ու իր տեսածից հիասթափվել է` աղբամաններ են, որոնց մի կողմում մարդ չկա, մյուս կողմում` մի 30-50 մարդ է ծառերի տակ նստած. «Ուղղակի իմաստը չես հականում, թե ինչ են ուզում, երբ համապատասխան արձագանք եղել է ու գործընթացը շարունակվում է: Սա արդեն անիմաստ մի միջոցառում է, որ իրականացվում է մի քանի արկածախնդիրների կողմից: Իսկ երիտասարդներին հարգում եմ, հարգել եմ ու կհարգեմ, հարգում եմ նաեւ նրանց գաղափարը, նրանց առաջարկությունները»: Ինչ վերաբերում է հունիսի 23-ի լուսաբացին, ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, ապա ՀՀԿ խմբակցության քարտուղարը դա անվանեց «պահային փոխադարձ սադրանքների արդյունք». «Ես կցանկանամ նաեւ փառք տամ Աստծուն, որ մեր իրավապահները իրենց օրենքով վերապահված գործողություններից ամբողջությամբ չօգտվեցին»: Նա վստահեցնում է` ոչ մեկին, առավելեւս իշխանություններին ձեռնտու չէ, որ մարդիկ մնան պողոտայում. «Երեւի մարդիկ, մնալով Բաղրամյան պողոտայում, ցանկություն ունեն իրենց վրա ուշադրություն դարձելու: Հետեւաբար, ինչը ցրի ոստիկանությունը, ցրելու բան չկա այնտեղ: Բաղրամյան պողոտան շուտով կբացվի` առանց միջամտության: Երեկոյան ժամերին ուղղակի հով է, ժողովուրդը երեւի ցանկություն ունի զբաղվելու մշակութային միջոցառումներով, լավ երգում են, լավ պարում են, դա եւս կարծում եմ` այդ բնագավառում ինչ-որ առաջընթաց կապահովի: Կարծում եմ, որ այդ բնագավառում ժողովրդին համախմբման լուրջ քայլ է դա»: Վերջում Գագիկ Մելիքյանը նշեց, որ ոչ մեկի, այդ թվում՝ իշխանությանը, ձեռնտու չէ որեւէ սակագնի բարձրացում: