Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսեղ ջան, արի` միասին աշխատենք. Օպերան պիոներ պալատի մակարդակի էր» (տեսանյութ)

Հասարակություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսուհետ գեղարվեստական ղեկավար կունենա։ Այս պաշտոնը թափուր էր արդեն 8 տարի։ Վերջին անգամ նույն պաշտոնում եղել է նույն ինքը՝ նորանշանակ ղեկավար, օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը աշխատանքից ազատվել է 2008 թվականին՝ իր դիմումի համաձայն: Դրանից հետո թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել՝ հաստիքը կրճատվել էր. «Չէի կարող մնալ այդ ժամանակ, ինձ խանգարում էին, ուզում էին, որ դառնայի ողորմություն խնդրող: Չեմ սիրում այդ բանը»,- հայտարարեց նա։ Ինչո՞ւ համաձայնվեց վերադառնալ հիմա. հարցին նորանշանակ ղեկավարը պատասխանեց. «Պիոներ պալատի մակարդակի էր, իսկ ես ուզում եմ հպարտանալ իմ թատրոնով, բայց ոչ թե մեծ փողեր ծախսելով պետք է հասնենք հաջողության, այլ աճեցնելով մի սերունդ, որ ամեն տեղ մեր պատիվը բարձր կպահի։ Այսօր շատ երիտասարդներ են անուշադրության մատնված»: Գեղամ Գրիգորյանը կարծում է, որ պետք է ամեն տարի 4-5 նոր ներկայացում ունենան, նոր օպերաներ գրվեն. «Ներկայացումները պետք է շատ լինեն, թատրոնը պետք է աշխատի, մարդիկ պետք է աշխատեն, զբաղված լինեն անընդհատ»: Կլինե՞ն արդյոք թատրոնում կադրային փոփոխություններ հարցին Գրիգորյանը կարճ պատասխանեց. «Տեսնենք՝ ով ինչպես է աշխատում: Միգուցե մինչև հիմա աշխատելու հնարավորություն չեն ունեցել, հիմա կունենան»: Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը խոստացավ նաեւ թատրոնում ամեն ինչ ավելի լավ ուսումնասիրել.«Տեսնեմ ինչ ունեմ ձեռքիս տակ։ Շատ շուտով ես հանձնարարություններ կտամ, որպեսզի հասկանամ՝ ով ոնց է աշխատում» Նա նշեց նաեւ, որ պետք է բյուջեն ուսումնասիրի, որպեսզի հասկանա, թե ինչ հնարավորություններ ունի. «Մեր յորղանի գյորա ենք մեկնելու ոտքներս, զարմացնելու բան չունենք»։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նորանշանակ ղեկավարը համագործակցի նաեւ Բարսեղ Թումանյանի հետ, ով այժմ աշխատում է Աստանայի օպերային թատրոնում, Գրիգորյանը ասաց. «Բարսեղին ո՞վ է բան ասել, քանիցս ասել եմ՝ արի, տեսնենք` քեզ համար ի՞նչ կարող ենք բեմադրել։Նրա համար լուրջ ներկայացում է պետք, հիմա որ կանչեմ` ի՞նչ է երգելու: Թումանյանը եթե ցանկություն հայտնի լուրջ բեմադրություն անել, ասենք` «Դոն Կառլոսը», խնդրեմ` ո՞վ է դեմ»։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ, իր հերթին, նշեց. «Օգտվելով առիթից, պաշտոնական հայտարարություն եմ անում՝ Բարսեղ ջան, արի` միասին աշխատենք»։