Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճարողը կրկին մենք ենք լինելու. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Տնտեսություն
Vahagn-Xachatryan1

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համարում է, որ ՀԷՑ-ի կրած վնասը պետությունը կարող է փոխհատուցել միայն պետական բյուջեից։ «Պետությունը այլ աղբյուրներ չունի, և պնդումները, թե մինչև աուդիտի ավարտը տրամադրվելիք փոխհատուցումը պետական միջոցներից չի լինելու, իրականության հետ կապ չունի։ Վճարողը կրկին մենք ենք լինելու»,- նշում է տնտեսագետը։ Ըստ նրա՝ վիրավորական է հատկապես այն, որ այդ գումարը նվիրատվություն է լինելու. «Անձամբ ինձ համար ընդունելի կլինի ավելի վճարել, եթե ինձ հիմնավորեն, որ իսկապես պետք է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել»։ Վահագն Խաչատրյանը ՀԷՑ-ի խնդրի պատճառը համարում է ֆինանսական պարտավորությունների չկատարումը, ինչի արդյունքում գոյացած պարտքը փորձում են ամենահեշտ տարբերակով մարել՝ սակագին բարձրացնելով։ «Գործող սակագինը բավական է, որ ՀԷՑ-ը շահույթ ստանա»։ Տնտեսագետին զարմացնում է նաև ռուսական կողմից հնչող տեսակետներն այն մասին, որ վերջին 5-6 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացել. «Այս պնդումը ևս անհիմն է։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ նույն 5-6 տարվա ընթացքում 90%-ով բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն այն թանկացում չհամարվեց»։ Վահագն Խաչատրյանը ներկայիս էներգետիկ խնդիրները համարում է 2000-ականներից սկսվող գործընթացների հետևանք. «Այն ժամանակ մշակվել էր էներգետիկայի զարգացման ռազմավարություն, որը չիրականացվեց և մենք դարձանք դրա գերին»։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ Հայաստանը աղքատ երկրների շարքում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, երբ առկա է 32% աղքատություն, այլ նաև էներգետիկ առումով. «Մինչդեռ հնարավորություն կար, որ Հայաստանը էլեկտրականություն արտահանող երկրի վերածվեր»,- հավելում է Վահագն Խաչատրյանը։