Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական ուժերը ցույց տվեցին իրենց իմպոտենցիան» (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

Ստեղծված ներքաղաքական իրավիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար միջազգային ասպարեզում. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանում է. «Եթե ներքին քաղաքականությունը կաղում է, շատ դժվար է արտաքին քաղաքականության մեջ լուրջ հաջողություններ ունենալ։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հետագա համագործակցության վրա՝ քաղաքական և տնտեսական առումներով ։ Եթե մենք խնդիրները լուծում ենք ոստիկանական ուժերի միջամտությամբ , կասկածի տակ է դրվում քո երկրի ժողովրդավարությունը։ Պատկերացնում եք, եթե մենք հավասարվենք Ադրբեջանի մակարդակին։ Սակայն, կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից՝ ստեղծվել է աշխարհաքաղաքական լրիվ նոր իրադրություն, որտեղ ներքին և արտաքին գործընթացները համախմբվելով՝ ստեղծել են մի նոր սիմբիոզ, իսկ այս առումով մենք կարող ենք օգտվել նաև դրանից։ Այն իրավիճակը, որն այժմ տիրում է Հայաստանում, պետք է դիտարկել նաև համաշխարհային գործընթացների համատեքստում, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն»։ Այս համատեքստում անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե ոստիկանությունը ուժ չի կիրառելու, և քաղաքացիները իրենք իրենց հեռանալու են Բաղրամյան պողոտայից, դիվանագետը պատասխանեց. «Դե Վալերի Օսիպյանը շատ լուրջ քաղաքական գործիչ է ։ Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն էլ ցույց տվեցին իրենց իմպոտենցիան»։ Պարոն Նավասարդյանի համոզմամբ՝ այս ժամանակահատվածում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ դրսևորել էր բավականին ճկունություն և հաջողություններ էր գրանցում։ «ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք բոլորս էլ տեսանք, թե ինչ իրավիճակ էր տիրում՝ Եվրոպան փակ էր մեզ համար։ Սակայն այժմ Հայաստանի համար նպաստավոր իրադրություն էր ստեղծվել։ Ռիգայի գագաթնաժողովը հստակ ցույց տվեց , որ մենք կարող ենք օգտվել և՛....և՛-ի սկզբունքից , ընդ որում խոսքը ոչ միայն ԵՄ-ի մասին է , այլև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի»,-ասում է դիվանագետը։ «Եվրոպան հիմա մեզ կարծես թե փորձում է օգտագործել որպես Տրոյական ձի։ Կա միայն երկու ազգ, որ կարող են համաշխարհային մասշտաբով նման դերակատարությամբ հանդես գալ ՝ հայերն են ու հրեաները։ Ռուսական քաղաքական իստեբլիշմենթում էլ կան շատ լուրջ ուժեր, որոնք Հայաստանին նայում են հենց այդ առումով ։ Միայն Հայաստանն է, որ կարող է կամուրջի դեր հանդիսանալ։ Արևմուտքն էլ է դա գիտակցում։Ես չեմ կարծում , որ Անգելա Մերկելը կամ Իտալիան դա ասում են Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի համար»,-շեշտում է Արման Նավասարդյանը։ Վերջինիս համոզմամբ՝ նման հնարավորության դեպքում Հայաստանն իրեն դրսևորում է որպես ոստիկանական պետություն, նկատի ունենալով էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ երկրում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքերով՝ այն ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին, դրանից առավել վատ հարված Հայաստանի միջազգային իմիջին որևէ այլ բան չէր կարող հասցնել ։