Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կլինեն մարդիկ, ովքեր պատասխանատվության կենթարկվեն»

Հասարակություն
osipyan

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի մեկնաբանում ոստիկանության երեկվա այն հայտարարությունը, թե «ամեն ցույց ունի սկիզբ և ավարտ»։ Այդ ավարտը ե՞րբ է գալու, փոխոստիկանապետը պատասխանում է. «Երբ որ գա…»։ Իսկ ջրցանի ու մյուս մեքենաների հեռանալն արդյո՞ք նշանակում է, որ ոստիկանությունը չի պատրաստվում դիմել գործողությունների. «Մենք կարող ենք հասարակական կարգը այստեղ վերականգնել առանց ջրցան մեքենայի։ Պետք չէ ջրցանից վախենալ, դա ևս օրենքով կարգավորվող է,  և բոլոր երկրներում էլ կա նման հատուկ միջոց»։ Նա հերքում է նաև տեղեկությունն այն մասին, որ ջրցանի ջրի ուժը կուրացնում է. «Առաջին անգամ եմ լսում»։ Ինչո՞ւ ոստիկանությունը չի փորձում վերականգնել հասարակական կարգն այն ժամերին, երբ ակցիայի մասնակիցների թիվը քիչ է։ Երևանի փոխոստիկանապետը խորհուրդ է տալիս դա անել լրագրողներին. «Դուք ինքներդ փորձեք, կարող եք։ Դուք արդեն գիտեք, թե ոստիկանությունը ինչ կարգի է գործում»։ Օսիպյանը սպասում է նաև քաղաքացիների կողմից քայլի. «Քանի որ մեր քաղաքացիները իրավագիտակից են, նրանք կարող են լավ քայլ անել,  ու ես համոզված եմ,  դա նրանք կանեն»։ Իսկ եթե նրա սպասելիքները չարդարանա՞. «Մենք կվերականգնենք հասարակական կարգը, երբ որ պահը գա»։ Իսկ թե նա ինչպես է վերաբերվում, երբ ոստիկանները անհիմն հարվածում  են քաղաքացիներին. «Եթե այդպիսիք կան, իրականությանը համապատասխանում է, տվյալ ոստիկանը ենթակա է պատասխանատվության։ Հավաստիացնում եմ ձեզ, որ կլինեն մարդիկ, ովքեր պատասխանատվության կենթարկվեն»։