Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոստուգարքներ «Շիրակի», «Ուլիսի» եւ «Ալաշկերտի» համար

Սպորտ
sport-evroliga

Հայաստանի երեք ֆուտբոլային թիմերն այսօր կսկսեն պայքարը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Առաջինը խաղադաշտ կմտնի հանրապետության բրոնզե մեդալակիր Գյումրիի «Շիրակը», որը սեփական դաշտում կհյուրընկալի Բոսնիայի 3-րդ թիմին` Մոստարի «Զրինսկիին»: Մեր թիմը այս խաղից առաջ միայն մեկ համալրում է ստացել` հանձինս ռուսաստանցի դարպասապահ Վսեւոլոդ Երմակովի: «Զրինսկին» կազմը ուժեղացնելու համար արդեն հրավիրել է չորս ֆուտբոլիստ, որոնցից երկուսը Սերբիայից են: Սակայն թիմից միաժամանակ հեռացել են երեք առաջատար խաղացողներ: Զարմանալի չէ, որ մասնագետներն այս զույգի ֆավորիտ են համարում «Շիրակին»` որի հաղթանակը գնահատել են 2,40 գործակից` բոսնիացիների 3,00-ի դիմաց: Այնուհետև Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Ալաշկերտ» - «Սեն Ջոնսոն» հայ-շոտլանդական հակամարտությունը: Երկու թիմերն էլ իրենց առաջնություններում գրավել են 4-րդ տեղը, սակայն եթե «Ալաշկերտն» առաջին անգամ է մասնակցում եվրոգավաթներին, ապա «Սեն Ջոնսոնն» այդ առումով բավական մեծ փորձ ունի: Այդ իսկ պատճառով մասնագետները բացահայտ առավելություն են տալիս շոտլանդական ակումբին` 1.33 գործակից հաղթանակի համար, «Ալաշկերտի» 7,00-ի դիմաց: Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը» ուշ երեկոյան Մալթայում կմրցի այդ երկր բրոնզե մեդալակիր «Բիրկիրկարայի» հետ: Մեր թիմը խաղից առաջ հրավիրել է հոլանդացի հարձակվող Ժոել Շիբամբային: «Բիրկիրկարան» այդ առումով ավելի ակտիվ է եղել: Մալթայի թիմն իր կազմը միանգամից համալրել է երեք հարձակվողներով` իտալացիներ Ֆաբրիցիո Միկոլին եւ Էդին Մուրգան, սլովենացի Վիտո Պլուտը: Մասնագետներն այս խաղում ավելի շատ հավատում են «Ուլիսի» հաղթանակին` 2,10 գործակից: «Բիրկիրկարայի» հնարավորությունները գնահատել են 3,00 գործակցով: