Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյանցիների պայքարը հավակնում է աննախադեպ դառնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM5697356-copy1

Բաղրամյան պողոտայում ծավալվող շարժումը նախորդներից տարբերվեց կարևոր մեկ բանով. իշխանությունները չկարողացան դրա դեմ արդյունքի հասնել իրենց ծանոթ մեթոդներով, քաղաքացիները պատրաստ էին դրան։ Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը իր այս տեսակետը հիմնավորում է մեկ այլ պնդմամբ. «Երիտասարդությունը այսօր ցույց տվեց՝ այսօր դուք կարող եք ցրել, բայց վաղը մենք կարող ենք հավաքվել այլ տեղ։ Բացի այդ՝ միջազգային հանրության բավականին հստակ արձագանք է եղել՝ հերիք եղավ, բոլ եղավ»։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի պնդմամբ՝ բողոքի այս ալիքի դեմն առնել դժվար է հատկապես այն պատճառով, որ այն առանց առաջնորդի շարժում է. հստակ չէ թե ում հետ է պետք բանակցել։ Դա ընդգծվեց այն ժամանակ, երբ համակարգող երիտասարդները այլ օրակարգ առաջ քաշեցին. «Մենք հունիսի 28-ին տեսանք, որ նույնիսկ այնտեղ հավաքվածները կարող են չենթարկվել կամ չընդունել էն մարդկանց ընդունած որոշումը, որոնք նախկինում համարվում էին առնվազն համակարգողներ, որոնց նկատմամբ ունեին շատ մեծ վստահություն»։ Ստեփան Սաֆարյանը մատնանշում է մեկ հանգամանք ևս. քաղաքական ուժերը այս դեպքում լավագույն դեպքում վերածվեցին ընդամենը պատի՝ շարժումը առաջնորդելու կամ ուղղորդելու փոխարեն։ Չնայած որ սա լավ առիթ էր որոշ խնդիրներ լուծելու. «էս շարժումը ցույց տվեց, որ քաղաքական ուժերը կյանքում չկան, որովհետև ցանկացած այլ երկրում հաստատապես իշխանությունից օգտվողը, այդ բողոքները կազմակերպողը քաղաքական ուժերը կլինեին»։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ բաղրամյանցիների պայքարը հնարավորություն ունի ավելի բարձր նշաձողի հասնել։ Ըստ նրա՝ դրա համար մի քանի կարգավորում է անհրաժեշտ, որն այսօր բացակայում է. « Ի տարբերություն 100 դրամի, Մաշտոցի պուրակի, Դեմ եմ-ի, որոնք կարողացան հասնել որոշակի հաջողության, այս շարժման դեպքում ես տեսնում եմ մեթոդիկայի, տեքստերի, հիերարխիայի, լիդերության պակաս, հաջողության հասնելու համար կարևոր է նաև ճիշտ կառուցվածք ձևավորել»։ Քաղաքագետները միակարծիք են մեկ հարցում. անկախ նրանից՝ ի՞նչ վերջաբան կունենա այս շարժումը՝ այն հավակնում է պատմական դառնալ հայաստանյան հասարակության համար։