Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս մեր գրպանից»-ը միանում է «Ոչ թալանին»-ին. ավտոերթ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar

Ի պաշտպանություն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիների «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միացել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը, հուլիսի 5-ին ժամը 13։00-ին ավտոերթ կիրականացնի։ «Նպատակը հիմնականում մեկն է, որ հանկարծ այս կեղեքող ռեժիմը չմտածի, թե դժգոհում են միայն այն մի քանի հազար մարդը, ովքեր պարբերաբար հավաքվում են Բաղրամյանում և այդ խնդիրը հուզում է միայն նրանց։ Կիրակի օրը կտեսնեն, որ այդ հարցը շատ ավելի լայն մասսաների է հետաքրքրում, և ես վստահեմ, որ մեր ընդհանուր հաղթանակը հեռու չէ։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ հաղթանակ է «Ոչ թալանին» նախաձեռնության ձեռքբերումը, սակայն մենք հակված ենք ավելի լայն շերտերի ներգրավել այս պայքարում»,- հայտարարում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ սա առայժմ անհնազանդության ավտոերթ չէ, այլ պայքարին միանալու կոչ։ Այս օրերին տարբեր մարդկանց կողմից հնչում են կարծիքներ, որ հայտնվել են նոր ուժեր, որոնք փորձում են ստանձնել շարժման առաջամարտիկի դերակատարությունը և «Ոչ թալանին» շարժման հաջողությունն իրենց վերագրել։ Այս համատեքստում շրջանառվում է նաև Հիմնադիր Խորհրդարանի անունը։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նմանատիպ հայտարարությունները և ինչպե՞ս եք դա մեկնաբանում. «Ա1+»-ի լրագրողի այս դիտարկմանը ի պատասխան Վարդան Հակոբյանը շեշտեց. «Այդ տեսակ հայտարարություններով փորձում են նվաստացնել երիտասարդների դերը շարժման մեջ, որն իրականում այդպես չէ, և հարցը տեղափոխել ուրիշ տիրույթ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առաջամարտիկն ենք ընդհանրապես բոլոր քաղաքական և քաղաքացիական հարցերում, սակայն ոչ կազմակերպիչը։ Ես ինքս բազմաթիվ անգամներ հարցրել եմ երիտասարդներին՝ ինչով կարող եմ օգտակար լինել, սակայն ոչ երբեք ուղղորդել։ ՀԽ-ն ամբողջովին վստահում է երիտասարդներին, նրանց մտքի ճկունությանը, ազնվությանն ու հաստատակամությանը։ Եթե ՀԽ-ին պետք լիներ ղեկավարել այդ շարժումը, ապա հենց ինքը կնախաձեռներ։ Մենք ուղղակի նրանց կողքին ենք։ Ամսի 28-ին տեղի ունեցած դեպքի ժամանակ մենք ուղղակի հայտարարեցինք, որ եթե նույնիսկ ոստիկանները ուժով էլ փորձեն կարգավորել այս ամեն ինչը, ապա մենք պատրաստ ենք այստեղ մնալ և պահել Բաղրամյանի դիրքերը, կոչ անելով հանրությանը՝ չտրվել էն սադրանքներին, որը նախապատրաստել էր իշխանությունը»։