Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը ընդունվել է վարույթ

Քաղաքականություն
516049c6fc5c42d815140528209b7b49

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի 2015թ.-ի հունիսի 12-ի որոշումը՝ կազմակերպության ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի փետրվարի 26-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, որը մերժել էր տրամադրել հարցման վերջին կետում նշված մաքսային մարմինների տեղեկատվական բազայի կրկնօրինակը, պատճառաբանելով, որ «/…/ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում/…/»: Կազմակերպության 2015թ.-ի ապրիլի 10-ին ներկայացրած վարչական բողոքը քննության էր առնվել 2015թ.-ի մայիսի 5-ին և մերժվել էր, այն պատճառաբանությամբ, որ իբր Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվությունը իր բնույթով հանդիսանում է հրապարակված տեղեկություն և Ֆինանսների նախարարությունը իր պատասխան գրությունում նշել է տվյալ հրապարակման միջոցի և վայրի մասին: Մինչդեռ ըստ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ հրապարակում է համարվում «/…/տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը»։ Տվյալ դեպքում մաքսատան պատը չէր կարող լինել մամուլ, զանգվածային լրատվություն կամ ինտերնետ և հարցված տեղեկատվությունը ՀՀ ՖՆ-ն մատնացույց չէր արել վերոհիշյալ տեղեկատվության փոխանցման միջոցներով: Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի մայիսի 29-ին ՀՀ Վարչական դատարան էր ներկայացնել հերթական հայցադիմումն ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության:Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ