Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոտեմները որոշել են նրանց փոխարեն. եզդի աղջկա պատմությունը

Հասարակություն
logocover1

Ազգությամբ եզդի 17-ամյա Նարինեն հիշում է, որ դեռ 15 տարեկան էր, երբ ծնողները նրան դպրոցից հանեցին: Ինքը շատ էր ուզում սովորել, փորձել է ընդդիմանալ ծնողների որոշմանը, բայց չի ստացվել: «Դպրոցից դուրս գալու ոչ մի հստակ պատճառ չկար, եզդիների մոտ ընդունված ավանդույթին հետևելով՝ ինձ էլ շատ եզդի երեխաների պես հանեցին դպրոցից»,- ափսոսանքով նշում է Նարինեն: Դպրոցական տարիներին նկարչությամբ էր զբաղվում, կուզեր նկարչուհի դառնալ, բայց սա անիրականալի երազանք է համարում: «Շատ եզդի աղջիկներ կարողանում են կրթություն ստանալ, բայց հետագայում նրանց ընտանիքները թույլ չեն տալիս աշխատել: Սա է պատճառը, որ ծնողներս իմ կրթություն ստանալը չեն խրախուսում»,- մեկնաբանում է Նարինեն: Նա այժմ նշանված է՝ կրկին ոչ իր ցանկությամբ, ծնողների որոշումն է եղել: Նարինեի բարեկամուհիներ 15-ամյա Նուբարը և Կարինեն նույն բախտին են արժանացել: Նուբարը պատմում է, որ 14 տարեկանում կրկին ծնողների որոշմամբ դպրոցից դուրս է եկել: «Սկզբում շատ էի տխրել դպրոցը թողնելու համար, հիմա արդեն համակերպվել եմ»,- ասում է Նուբարը: Նա դպրոցում հարվածային առաջադիմությամբ էր սովորում, սիրում էր գրքեր կարդալ, բայց դպրոցից հետո այլևս չի կարդում: Այժմ ժամանակի մեծ մասը տանն է անցկացնում, ոչնչով չի զբաղվում: Դպրոցից դուրս գալուց հետո Կարինեն ամենաշատը կարոտում է ընկերներին, սովորելու գործը և գրքերը: Ասում է, որ եթե թույլ տային, սիրով նորից դպրոց կգնար: «Ծնողներս ինձ դպրոցից հանեցին՝ պատճառաբանելով, որ այն մեզ ավելի շատ վատ բաներ է սովորեցնում, բայց ես նրա հետ համաձայն չեմ»,- նկատում է Կարինեն: Այլ է կրթության նկատմամբ վերաբերմունքը մեկ այլ եզդիական ընտանիքում՝ Բաքոյանների ընտանիքում: 29-ամյա Ռուստամ Բաքոյանն արևելագետ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահն է: Ռուստամի ընտանիքում կարևորում են կրթությունը՝ այն համարելով անհատների, հետևաբար նաև՝ ազգի զարգացման կարևոր պայման: Ռուստամը դեմ է եզդիական համայնքում ընդունված այն ավանդույթին, ըստ որի երեխաներին միջին դպրոցական տարիքում հանում են դպրոցից, որին հաճախ (սակայն ոչ բոլոր դեպքերում) հաջորդում է վաղ ամուսնությունը: «Ժամանակները փոխվում են, պետք է ժամանակին համընթաց քայլել: Եթե մենք նման պահպանողական դիրքորոշում ունենանք, Հայաստանի եզդիական համայնքը բնականոն զարգացումից հետ կմնա»,- համոզված է Ռուստամը: Անդրադառնալով եզդիների շրջանում տարածված վաղ ամուսնության ավանդույթին՝ նա ժխտեց ընդունված այն տեսակետը, թե այս ավանդույթն ազգապահպան նշանակություն ունի. «Հայաստանի եզդիական համայնքի ներսում ձևավորված որոշ ավանդույթներ համայնքի զարգացմանը միայն խոչընդոտում են: Վաղ ամուսնությունը չի կարող նպաստել ազգի պահպանմանը: Երբ 14-15 տարեկանում ամուսնացած երեխան երեխա է ունենում, վտանգված են և՛ իր, և՛ երեխայի առողջությունը: Ես կողմ եմ ազգի բազմացմանը, բայց ավելի ճիշտ կլինի, եթե աղջիկները չափահաս տարիքում ամուսնանան, որից հետո, որքան ուզում են, թող երեխաներ ունենան: Սա ավելի շուտ, ազգին տանում է ինքնակործանման, ոչ թե բազմացման»,- նկատում է Ռուստամը: Վերջինս ուրախությամբ նշում է, որ վերջին շրջանում շատ երիտասարդներ փորձում են դեմ գնալ այս ավանդույթին. ուսում են ստանում, կայանում են որպես անձ և մասնագետ, հասարակական-քաղաքական ակտիվությամբ օրինակ են ծառայում մյուսներին: «Իհարկե, նման մարդիկ հանդիպում են համայնքի դիմադրությանը: Արդյունքի հասնելու համար մեզ հետևողականություն և ժամանակ է պետք»,- նշում է Ռուստամը: Ռուստամի եղբորորդին՝ 14-ամյա Զուրբան, այս տարի փոխադրվում է 10-րդ դասարան: Չի պատրաստվում դպրոցը թողնել, որոշել է բուհ ընդունվել՝ պատմաբան դառնալ: Զուրբան խոստովանում է, որ եթե իր ծնողներն էլ դեմ լինեին իր սովորելուն, կենթարկվեր ծնողների կամքին, բայց այս հարցում բախտը բերել է՝ ծնողները միայն խրախուսում են: «Կարծում եմ, որ մեծ մասամբ պետք է լսել ծնողներին, բայց եթե նրանց ասածը կարող է վնասել, կարելի է նաև հակառակվել»,- այսպես է մտածում փոքր ու հասուն Զուրբան: Ժամանակն ու կենսապայմանները խանգարել են կրթությանը Արևելագետ Ռուստամը, անդրադառնալով եզդիների շրջանում կրթությունը կիսատ թողնելու ավանդույթին, այն կապում է պատմական իրադարձությունների հետ: «Եզդիական համայնքը, պարբերաբար խուսափելով կոտորածներից, տեղափոխվել է մի վայրից մյուսը: Տեղահանումների ընթացքում ուսումը 2-րդ պլան է մղվել՝ և՛ ժամանակը չի նպաստել, և՛ մեր կենսապայմանները թույլ չեն տվել: Ապրելով լեռնային շրջաններում՝ փորձել ենք միայն գոյատևման խնդիրը լուծել»,- նշում է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ 20-րդ դարի սկզբին, երբ Արևելյան Հայաստանում ձևավորվում էր եզդիական համայնքը, համայնքի ներկայացուցիչների շարքերում եղել են բարձրագույն կրթություն ունեցողներ: Ըստ արևելագետի՝  20-րդ դարասկզբին եզդիների հոգևոր առաջնորդ Միր Իսմայիլը հայտարարել է, որ բոլոր եզդիները պետք է կրթություն ստանան, այլապես չեն կարող եզդի համարվել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում