Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է քննարկենք` ոստիկանության ֆիզիկական ուժը իրավաչա՞փ է, թե ոչ. դատախազ (տեսանյութ)

Քաղաքականություն
YKECegGXYBw

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր անդրադառնալով ռուս զինվոր Վալերի Պերմյակովի քրեական գործի քննությունը հայկական կողմին հանձնելու փաստին, նշեց, որ այս ընթացքում ինքը միջազգային պայմանագրի համաձայն ռուս գործընկերոջ հետ ունեցել է թե նամակագրություն, թե հանդիպումներ: Մեր այն հարցին, թե արդյոք սա ՌԴ դատախազին ուղարկված իր նամակի պատասխանն էր, Գեւորգ Կոստանյանը նշեց. «Նամակի պատասխանը դուք բոլորդ ակնկալում եք, որ պետք է լինի հենց նամակ, գործողություն, այսինքն` երբ որ ես ինչ-որ մեկին ասում եմ` խնդրում եմ ինձ տրամադրել այս ինչ տվյալը, եւ ինքը ինձ չի պատասխանում` խնդրեմ, ձեզ տրամադրում եմ կամ չեմ տրամադրում այդ նյութը` ներկայացնելով համապատասխան մերժման հիմքերը: Այսինքն այն փաստը, որ այդ պայմանավորվածությունն արդեն կա, դա հենց նամակի պատասխանն է: Նամակի պատասխանը չպետք է անպայման լինի, ասենք, հատուկ նամակով»: Ինչ վերաբերում է ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանին եւս հայկական կողմին հանձնելուն, ապա Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ այդ գործը Արդարադատության նախարարության գործառույթն է, սակայն երբ Մոսկվայում նա ՌԴ գործընկերոջ հետ հանդիպում է ունեցել, քննարկել նաեւ այս հարցը. «Նույն ձեւով` միջազգային պայմանագրին համապատասխան, գտել ենք, որ արդեն նպատակահարմար է, որպեսզի ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալը իր պատիժը կրի ՀՀ-ում: Իսկ թե երբ կլինի գործնական քայլը, դա էլ է ընթացակարգ. ժամկետային որոշակի պայմաններ դժվար է ներկայացնել. միջազգային պայմանագրերով որեւէ ժամկետներում գործողություններ կատարելու նորմեր երբեւէ չեն լինում»: Նա խոսեց նաեւ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողություններից. «Ոստիկանությունը պետական այն եզակի մարմինն է, որը օրենքի ուժով մանդատ ունի կիրառելու ֆիզիկական ուժ: Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք` այդ ֆիզիկական ուժը իրավաչա՞փ է, թե ոչ: Այս բոլոր հարցերի պատասխանները ունենալու համար հենց իմ կողմից նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` քննություն իրականացնելու համար եւ ՀՔԾ-ում հիմա նյութեր են նախապատրաստվում»: