Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյանում ծերունի ավազակներն ամեն ինչ խառնում ու թռնում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
vova

Վլադիմիր Գասպարյանն այսօր մի խումբ երիտասարդների ներկայությամբ փիլիսոփայական վերլուծության էր ենթարկում «Ոչ թալանին» շարժման նախորդ 7 օրը։ Ոստիկանապետին շրջապատած երիտասարդները պետք է իմանան, որ ոստիկանությունն ունի ուժ եւ հնարավորություններ 10 հազարից ավելի հավաքների հանդեպ միջոցառումներ իրականացնի։ Երիտասարդները նրա բառերով, այո, կարող են եւ պետք է գժոտ լինեն, այլ ոչ թե թմբլիկ թաթիկներով, բայց գժոտությունը պետք ա լինի տրամաբանության մեջ. «Քաղաքացին երբ ոստիկանությանն ասում ա՝ արա, դու, իրան ասում են՝ արան դու ես»։ Մի երիտասարդ գրեթե բոլորի անունից վստահեցնում է, որ իրենք հարգում են ոստիկանությանը։ Մի աղջիկ հավելում է՝ քչերն են տրամադրված ոստիկանության դեմ։ Նրան՝ Աստված օգնական. «Չարաճճի։ Այծեմնիկ։ Պստիկ հեղափոխական։ Դզե՞ց»։ Ոստիկանապետի ոգեւորությունն աճում է երիտասարդների ծիծաղի հետ։ Նա արդեն խոսում է Բաղրամյան պողոտայից եւ Ազատության հրապարակից հեռու երիտասարդների բողոքի համար վայրեր գտնելու մասին՝ պստիկների տեղ, մի այգի։ Հետո խոսում է այն մասին, որ թե ինչպես է մտադիր հաղթահարել Բաղրամյան պողոտայի կաթվածահար վիճակը՝ համբերությամբ. «Ժխտողականին թեւերից հանում փողոցը մաքրում են, սպասում ենք դրան, որ հալալ ըլնի, որ արյուն չըլնի, որ տղերքը չկոտրվեն, ջահելները, ձեր նմանները չկոտրվեն, որ չասեն մեր մեծերը, մեր հայրերը մեզ ջարդեցին, մեր մեջ հավատը կորցրեցին, առանց այն էլ հավատը կորցնողները, հավատացեք ինձ, շատ են, աշխարհը Սատանին է պատկանում»։ Երիտասարդները դեռ պետք է տեղեկանան Սուրբ հոգուց, չարի գայթակղության եղանակներից, խավարի աշխատանքներից։ Երիտասարդներից մեկը, պարզվեց, կարդացել էր Սուրբ գիրքը. «Մի հատ խորհուրդ, ծերուկական մի հատ խորհուրդ՝ մի կարդա Սուրբ գիրքը, խոսիր Սուրբ Գրքի հետ»։ Հետո քաջալերում է Շահեն Հարությունյանին, որի հայրը վստահեցնում էր, որ ոստիկանապետը խփել է իրեն. «Աստված պահապան ձեզ, խելառությունդ... Դավայ տղես։ Գնացեք հանգստացեք»։ Այն ամենը, ինչ խոսեց ոստիկանապետը, անվանեց մեսիջ եւ հույս հայտնեց, որ, իր բառերով, Այծոն կփոխանցի մյուսներին։ Այսօր առավոտվա փոքրաթիվ ժողովուրդը ոգեւորել էր Վլադիմիր Գասպարյանին՝ ուրեմն մնացածը հիասթափված են։ Ոստիկանապետն, ի դեպ, առավոտյան հրապարակում փնտրում էր կենդանի պատ եւ ծերունի ավազակների, որոնք իր բառերով գալիս, ամեն ինչ խառնում ու թռնում են։